000

Ըստ ՔՊ պատգամավորի՝ «մենք ապրում ենք մի Սահմանադրությամբ, որը ոչ լեգիտիմ է»

Մենք տեսնում ենք խնդիրներն այն Սահմանադրության մեջ, որն ունենք, և այդ խնդիրները բազմաթիվ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Խնդիրներից առաջինը Սահմանադրության լեգիտիմությունն է, որովհետև ՀՀ քաղաքական դաշտում գրեթե բոլորը, բացի ժամանակին եղած իշխանություններից, միշտ արձանագրել են, որ սահմանադրական հանրաքվեներն անցկացվել են բազմաթիվ ընտրախախտումներով, ու ոչ մի պարագայում չի կարելի այդ փոփոխությունների արդյունքով ձևավորված Սահմանադրությունը համարել լեգիտիմ: Դա արդեն իսկ խնդիր է, որ ապրում ենք մի Սահմանադրությամբ, որը ոչ լեգիտիմ է»,- ասել է Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ Սահմանադրությունում կա փոփոխության, մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն, կա ՀՀ-ն որպես բացարձակ արժեք ամրագրման անհրաժեշտություն։

Հարցին՝ Սահմանադրությունը փոխելը կապ ունի՞ Անկախության հռչակագրի հետ, որովհետև Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին, նա պատասխանել է. «Այո, կետեր կան, որոնց մասին խոսում ենք, դրանց թվում է նաև Անկախության հռչակագրին հղումը: Մենք սրա մասին հանրության հետ բաց խոսում ենք, որքան էլ մանիպուլյացիաները, սուտն ու  կեղծիքը շատ են, հատկապես կոնկրետ երկրից կառավարվող քաղաքական ուժերի կողմից: Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրություն, որը ծառայում է Հայաստանին, ոչ թե գրված է մի կայսրության թելադրմամբ, այդ կայսրության փլուզման պայմաններում, որպեսզի ականներ դրվեն Հայաստանի տակ այնպես, որ եթե մի օր կայսրությունը որոշի, որ պետք է վերամիավորվի, այդ ականներն աշխատեն:

Իմ տպավորությունն այնպիսին է, որ կան կետեր, որոնք ներդրված են:

Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը պետք է իրականացնի հայ ժողովրդի իղձերը: Հիմա թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչպես պետք է Հայաստանը միաժամանակ բավարարի և՛ ռուսաստանահայության, և՛ ամերիկահայության իղձերը:

Արդյո՞ք Հայաստանի պետության տեսանկյունից պետք է հավասարության նշան դրվի Հայաստանի քաղաքացիների իղձերի և այն մարդկանց իղձերի միջև, որոնք մեր հայրենակիցներն են, բայց ապրում են Հայաստանից դուրս: Ես կարծում եմ՝ նորմալ չէ այդ հավասարության նշան դնելը»:

Добавить комментарий