Արտաքին դերակատարները ցանկանում են արձանագրել իրենց մասնակցությունը հայ-ադրբեջանական գործընթացին․ Զուլֆուգարով
Ադրբեջանի նախկին արտգործախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հարցազրույց է տվել` անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է «Vesti.az» կայքը։
«Մենք պետք է հասկանանք, որ կա արտաքին դերակատարների խումբ, և երբեմն այդ խումբը համընկնում է նախկին Մինսկի խմբի հետ։ Արցախում (խմբ․) կոնֆլիկտային դաշտը կարգավորված է, այդ կապակցությամբ պետք է նշել, որ նախագահական ընտրություններն էլ իրավական առումով ունեն իրենց առանձնահատկությունը։
Ըստ էության, փակվում է մի էջ, որը մենք պայմանականորեն անվանել ենք «անջատողականություն Ադրբեջանում»։ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիան վերացվել է։ Կոնֆլիկտը տեղափոխվում է դեպի սահման։
Այս առումով հասկանալի է, որ արտաքին դերակատարները ցանկանում են արձանագրել իրենց մասնակցությունն այս գործընթացին, ինչը կապահովի ազդեցության հնարավորություն։ Բացի դրանից` Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր մասնակցության անհրաժեշտությունը քարտեզների շրջանակում, Ֆրանսիան ևս»,- նշել է նա։
Անդրադառնալով քարտեզներին` Զուլֆուգարովն ասել է, որ 20 տարի է` արդեն ոչ ոք չի օգտվում քարտեզներից, բոլորը կիրառում են դրանց էլեկտրոնային տարբերակները։ Ռուսաստանն ուզում է օգտագործել այն փաստը, որ Գլխավոր շտաբի քարտեզները միայն իրենք ունեն։
Ըստ նախկին արտգործնախարարի` հակամարտությունը բացառություն չէ, այն աշխարհում լայնորեն կիրառվող կոնֆլիկտային կառավարման մարտավարություն է։ Հայկական կողմը փորձում է խաղալ արտաքին խաղացողների օգնությամբ, այստեղից էլ Ֆրանսիայի գործողությունների ակնհայտ անտրամաբանականությունը, Մոսկվայից ու Վաշինգտոնից, ինչպես նաև Թեհրանից հնչող հակասական հայտարարությունները:
«Ակնհայտ է, որ դերակատարներն այս խաղում շատ են։ Այո, մենք որոշ խնդիրներ լուծեցինք, բայց մենք պետք է գործ ունենանք այս բոլոր դերակատարների հետ, և դա մեր ապագա քաղաքականության մի մասն է»,- հավելել է Զուլֆուգարովը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը բացահայտ խոսում է առաջիկա ծրագրերի մասին. ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը կեղծ է, և որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը չի փոխվելու։
Добавить комментарий