Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության աճի կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Քանաանին կրկնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր կոչը։ Նա Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է զսպվածություն ցուցաբերել սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել։

Իրանի ԱԳՆ խոսնակը վերահաստատել է՝ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են կովկասյան տարածաշրջանում կայուն և մշտական ​​խաղաղություն հաստատելու համար։ Նա նաև կարևորել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացնեն իրենց ջանքերը՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից հայկական զինուժի դիրքերը գնդակոծելու հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող։ 

#Դետքի_հետագծով

Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, քանի որ սահմանակից է երկու երկրներին, իսկ տարածաշրջանում լարված իրավիճակը չի բխում նաև իր շահերից։ Այս համատեքստում, հատկապես Արցախի ամբողջական բռնազավթումից հետո, Իրանը կողմնակից է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրվի, որի արդյունքում տարածաշրջանում կայունություն կհաստատվի։
 

Добавить комментарий