
Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կընդլայնի կայուն խաղաղությունը. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարծում է, որ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կհանգեցնի կայուն խաղաղության ընդլայնմանը տարածաշրջանում և աշխարհում։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի անդամ և արտգործնախարար Վան Յիին չինական Նոր տարվա կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում։
Աբդոլլահիանն ընդգծել է նաև երկու երկրների միջև խորհրդակցությունների կարևորությունը երկկողմ և միջազգային հարաբերությունների շրջանակում։ Նա հատկապես կարևորել է ՄԱԿ-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ԲՐԻԿՍ-ում երկու երկրների փոխգործակցության ընդլայնումը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին նույնպես X-ի իր միկրոբլոգում Չինաստանի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել էր չինական Նոր տարվա կապակցությամբ։ Նա Իրանի ու Չինաստանի քաղաքակիրթ ժողովուրդներին, հատկապես երկու պետություններին մաղթել էր հարաբերությունների ընդլայնում։
#Դետքի_հետագծով
Իրանը և Չինաստանը բազմաթիվ հարցերում ունեն նույնանման դիրքորոշումներ, ինչը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Բացի դրանից՝ Իրանն ու Չինաստանը համագործակցում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման յուրօրինակ խթան է։
Добавить комментарий