Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի նախագահի ներկայացուցիչը նշել է՝ տարածաշրջանային կայունությունը կախված է անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից

Աֆղանստանի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Հասան Քազեմի Ղոմին հայտարարել է, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կախված են անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն թշնամիների հակաանվտանգային և ապակայունացնող ծրագրերի նկատմամբ։ Հասան Քազեմի Ղոմին տարածաշրջանում վերջին սահմանային միջադեպերի վերաբերյալ նշել է, որ որևէ երկրի կամ ազգի անվտանգության մաս հանդիսացող ցանկացած կետի թիրախավորումը ենթակա է օրինական պաշտպանության, և այդ պետության իրավունքն է հակազդել նման սպառնալիքի։

Ըստ նրա` թշնամիները փորձում են խնդիրներ ստեղծել տարածաշրջանի երկրների համար, ապա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իր շահերի հարցում Իրանը չափազանց լուրջ է տրամադրված և պատրաստ է տարածաշրջանային երկրների հետ համագործակցության։

Իրանցի պաշտոնյան հավելել է՝ Թեհրանն այսօր կասկած չունի, որ ամերիկացիները փորձում են չարաշահել հարևան երկրների տարածքները՝ ահաբեկչական և հակաանվտանգային գործողությունների ու հետախուզական ծրագրերի համար։ Ըստ նրա՝ ներկայումս անվտանգության ոլորտում հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի, Պակիստանի ու Աֆղանստանի միջև համագործակցության անհրաժեշտությունն անխուսափելի է:

#Դետքի_հետագծով

Ներկայումս արտատարածքային մի շարք դերակատարների կողմից ջանքեր են գործադրվում տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, ինչը բնականաբար անհանգստացնում է Իրանին։ Վերջինս հստակ քայլեր է ձեռնարկում՝ նման սպառնալիքները չեզոքացնելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։

Добавить комментарий