Իրանում խորհրդարանական ընտրություններ կկայանան
Իրանի Իսլամական Հանրապետությունում մարտի 1-ին խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամմադթաղի Շահչերաղին ասել է, որ երկրում բացվել է ավելի քան 90 հազար շարժական ու ֆիքսված ընտրատեղամաս, որտեղ կանցկացվեն 12-րդ գումարման խորհրդարանի և 6-րդ գումարման Բանիմացների խորհրդի ընտրությունները։ Նրա խոսքով՝ Իրանի բոլոր ընտրատեղամասերը համալրված են անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով՝ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Շահչերաղին կարևորել է ընտրական հանձնաժողովների ղեկավարների և քարտուղարների վերապատրաստման դասընթացի անցկացումը, հատկապես ընտրությունների ժամանակ մշտադիտարկումներն ու վերահսկողությունը։ «Ընտրությունները կրոնական, ազգային և օրինական պարտականություն են։ Աստծու բարեհաճությամբ, ինչպես ամեն անգամ, մարտի 1-ին ևս մենք հաջողությամբ կանցկացնենք ընտրությունները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Իրանում վերջին խորհրդարանական ընտրությունները կայացել էին 2020 թվականի փետրվարի 21-ին։
#Դետքի_հետագծով
Իրանի օրենսդիր մարմնի ձևավորումը երկրի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։
Իրանահայ համայնքը նույնպես ակտիվորեն մասնակցում է այս ընտրություններին։ Իրանի Սահմանադրության համաձայն՝ Մեջլիսում կրոնական փոքրամասնությունները կարող են ունենալ 5 պատգամավոր: Դրանցից երկուսը հայերինն է՝ հարավային և հյուսիսային իրանահայությանը:
Добавить комментарий