Опубликовано A.Gevorgyan -
Hub

Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին փետրվարի 14-15-ը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Նա հանդիպումներ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ։

Վրաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ հանդիպումներում շեշտադրումները դրվելու են Վրաստանի ու Թուրքիայի ռազմավարական գործընկերության, այն խորացնելու և երկու երկրի հարաբերությունների ընթացիկ օրակարգի վրա։

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նախարարությունում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ երկու կողմերն էլ արել են հնարավորը թուրք-վրացական հարաբերությունների տնտեսական ոլորտն առաջ մղելու համար։ 

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, անդրադառնալով թուրք-վրացական հարաբերություններին, նշել է, որ Թուրքիան պահպանում է իր տեղը՝ որպես Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկեր, և Թուրքիային բնութագրել է որպես Վրաստանի «հին բարեկամ ու ռազմավարական գործընկեր»։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Cumhuriyet» կայքը։ 

Դարչիաշվիլին ընդգծել է երկու երկրի միջև Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի կարևորությունը և նշել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ։ 

Պաշտոնյաները քննարկել են անվտանգությանն առնչվող, տարածաշրջանում առկա խնդիրները, ինչպես նաև խոսել են համատեղ ջանքերի մասին՝ «տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար»։

Նշելով, որ Վրաստանը կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ Դարչիաշվիլին հավելել է, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև տարածաշրջանային իմաստով։

 

 

Добавить комментарий