645987

Ինչպես Ադրբեջանը շորթեց «COP29»-ը անցկացնելու հնարավորությունը, և ինչ խնդիրներ կարող են ստեղծվել Հայաստանի համար

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ն արդեն անդրադարձել է այն հարցին, որ Ադրբեջանը սկսել է քարտեզագրել Հայաստանի բնական պաշարները և բնապահպանական խնդիրները: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք, թե ինչպես Ադրբեջանը շորթեց ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը` «COP29»-ը իր երկրում անցկացնելու հնարավորությունը, թե ինչ առնչություն կա այս կոնֆերանսի ու վերոնշյալ քարտեզների միջև, և, ի վերջո, ինչ մարտահրավերներ կարող են ստեղծվել Հայաստանի համար: 

2023 թվականի տարեվերջին Հայաստանի բնապահպանական և դիվանագիտական կորպուսի աշխատանքի «շնորհիվ», ինչպես նաև ամենաբարձր մակարդակով համաձայնեցված որոշման արդյունքում, Հայաստանը հանեց իր վետոն և Ադրբեջանին նվիրեց ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը՝ «COP29»-ը Բաքվում անցկացնելու հնարավորությունը։ 

Բաքուն այս գագաթնաժողովը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել 2023-ի ամռանը, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ մտադիր է թույլ չտալ, որ կլիմայի հարցերով ՄԱԿ-ի   29-րդ գագաթնաժողովը՝ «COP29»-ը, անցկացվի Եվրոպական միության երկրներում: Նշենք, որ ըստ «COP29»-ի կանոնադրության` տարածաշրջանի 23 երկրները պետք է հյուրընկալող երկիրն ընտրեն միաձայն: Այդ ժամանակ «COP29»-ը հյուրընկալելու համար դիմել էին դեռևս ԵՄ-ի անդամ հանդիսացող Բուլղարիան և Հայաստանը: Եվ քանի որ Ռուսաստանի վետոյի արդյունքում Բուլղարիան զրկվում էր գագաթնաժողովը հյուրընկալելու հնարավորությունից, մնում էր Հայաստանը: Սակայն գագաթնաժողովը հյուրընկալելու հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը: 

2024 թ. «COP29»-ը հյուրընկալող երկիրը պետք է որոշվեր «COP28» գագաթնաժողովի ընթացքում, որն անցկացվելու էր 2023 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում:

Հենց կոնֆերանսի անցկացման ժամանակահատվածում` դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն էր հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Դրա դիմաց Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում գերեվարված 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի:

Այս «գործարքի» վերաբերյալ հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
Հասկանալու համար այս կոնֆերանսի մասշտաբներն ու կարևորությունը` նշենք, որ նախորդ տարի դրան մասնակցելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել շուրջ 100 հազար ներկայացուցիչ տարբեր երկրներից ու միջազգային կառույցներից: Կոնֆերանսի մասնակիցների թվում են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Անգլիայի վարչապետ Ռիշի Սունակը, թագավոր Չարլզ 3-րդը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և շատ այլ երկրների առաջնորդներ։

Սա մեր օրերում թերևս ամենաազդեցիկ ու ամենամասշտաբային կոնֆերանսներից է, որն անցկացնող երկրին անասելի մեծ վարկանիշային, տնտեսական և ազդեցության օգուտներ է բերում։ Իսկ Բաքուն, ինչպես տեսնում ենք, արդեն շտապում է օգտվել մեր իսկ ընձեռած հնարավորությունից և պատրաստվում է այդ գլոբալ հարթակն օգտագործել Հայաստանին ամբողջովին վարկաբեկելու համար։ 

Բացատրենք, թե ինչի մասին է խոսքը: Նախորդ հոդվածում արդեն նշել էինք, որ Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը, խոսելով Հայաստանի հանքավայրերի քարտեզագրման մասին, ասել էր նաև, որ քարտեզը կպարունակի բնապահպանական տեղեկություններ, օրինակ` թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով, և որտեղ են թափվում այդ թափոնները։ Այդ տեղեկությունը նրանք պատրաստվում են ներկայացնել «COP29» միջազգային համաժողովի մասնակիցներին: 

Այսինքն` Հայաստանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղեկությունը կարող է օգտագործվել թշնամու կողմից` վնասելու Հայաստանի հանքարդյունաբերությանը, ինչը մեր տնտեսության գլխավոր հիմնասյունն է: Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական պատերազմ Հայաստանի դեմ: 
Խնդրի առնչությամբ «Դետք»-ը գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի պատկան մարմիններ և պատասխանը ստանալուն պես կներկայացնի իր ընթերցողների դատին: 

Միայն հավելենք, որ Ադրբեջանն ունի բնապահպանական ահռելի խնդիրներ` որպես նավթ և գազ արդյունահանող երկիր: Հետևաբար, կլիմայի աղտոտման ու գլոբալ կլիմայական փոփոխությունների համար մեղքի գուցե և ամենամեծ բաժինը տարածաշրջանում հենց Ադրբեջանինն է: Սակայն ծանոթ լինելով թշնամու գործելաոճին` կարելի է նաև պնդել, որ հյուրընկալելով ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը` Ադրբեջանը փորձելու է քողարկել իր բնապահպանական խնդիրները և մատնացույց անել Հայաստանի բացթողումներն այս ոլորտում՝ թիրախավորելով մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը: Հետևաբար, Հայաստանի պատկան մարմիններն ահռելի աշխատանք ունեն այդ ամենը թույլ չտալու և թշնամուն իր իսկ  գործիքներով առաջինը խոցելու համար: 


 

Добавить комментарий

From the author