deta

Եթե հայկական կողմում խնդիրներ լինեն, «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Իրանի տարածքով. թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է՝ աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան երթուղի բացելու ուղղությամբ, սակայն կա նաև այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին թուրք պաշտոնյան ասել է թուրքական «Hurriyet» պարբերականին տված հարցազրույցում։

Ուրալօղլուն շեշտել է, որ այս հարցով Ադրբեջանը շփումներ ունի իրանական կողմի հետ․ «Եթե հայկական կողմում խնդիրներ լինեն, ապա Ադրբեջանը շփումներ ունի նաև Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով անցնող միջանցքի հնարավորության հետ կապված։ Կա այլընտրանքային երկու տարբերակ, դրանք քննարկման են դրված»։

Հարցին, թե ինչ փուլում է շինարարությունը, թուրք պաշտոնյան ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է շինարարական աշխատանքներն իր տարածքում։ 

«Այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանում և մեր տարածքում աշխատանքների մրցույթ է անցկացվել։ 106 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի կամ կվերակառուցվի։ Ինչպես նշեցի, այլընտրանքային երկու տարբերակն էլ քննարկման փուլում է»,- ընդգծել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

#Դետքի_հետագծով

Արդեն շուրջ 3 տարի է՝ Ադրբեջանը փորձում է իրագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որը, ըստ Բաքվի, պետք է անցնի Սյունիքի մարզի տարածքով ու այդ երկրի արևմտյան հատվածները միացնի Նախիջևանին։ Նախատեսվում է, որ կկառուցվեն ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներ։ Երևանը նշում է, որ դեմ չէ ճանապարհների բացմանը, բայց դա պետք է լինի հայկական իրավասության ներքո և չպետք է ունենա միջանցքի տրամաբանություն։

Добавить комментарий