Դեսպան Ներսեսյանը Լեո Դոքերթին է ներկայացրել Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող ճգնաժամը
Փետրվարի 7-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթի հետ։ Դեսպան Ներսեսյանը նախարար Դոքերթին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։
Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Բերձորի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Դեսպանը շեշտել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։ Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոքերթն ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում։
Այս առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։ Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Добавить комментарий