Սյունեցիներն այժմ իրենց ավելի հանգիստ են զգում․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտարարել է, որ Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո սյունեցիներն անվտանգային առումով իրենց ավելի հանգիստ են զգում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է «NEWS.am»-ին տված հարցազրույցում։
«Ես լավ հիշում եմ այն օրը, երբ Կապանում բացվեց հյուպատոսությունը։ Այն ժամանակվա համեմատ ներկայումս, կարող ենք ասել, մարդկանց զգացողությունը 180 աստիճանով փոխվել է։ Կարծում եմ՝ մարդիկ այժմ ավելի հանգիստ են, և դա մենք զգում ենք»,- նշել է նա։
Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսության ավելի քան մեկ տարվա գործունեությունն արդյունավետ է գնահատում։ Նրա խոսքով՝ առաջնահերթություն են համարում երկու երկրների քաղաքացիների միջև շփումներն ակտիվացնելն ու փոխայցերն ավելացնելը։
«Կապանը փոքր լեռնային քաղաք է և նախկինում սահմանափակ հարաբերություններ է ունեցել սահմանից այն կողմ գտնվող Իրանի հետ։ Վերջին շրջանում, սակայն, շփումները բավական ակտիվացել են։ Այս Ամանորին առաջին անգամ Կապանից մարդիկ ավտոբուսով Իրան մեկնեցին, որտեղ ծանոթացան Ջուլֆայի տեսարժան վայրերին, այցելեցին Սուրբ Ստեփանոս վանք։
Իրանից Հայաստան եկողները կանգ չեն առնում Կապանում, այլ միանգամից գալիս են Երևան։ Պետք է փորձենք այնպես անել, որ թե՛ իրանցիների համար մեծացնենք հետաքրքրությունը Կապանի հանդեպ, թե՛ կապանցիների համար՝ Իրանի հանդեպ»,- նշել է հյուպատոսը։
Ըստ նրա՝ ենթակառուցվածքային ոլորտում ծրագրերը կարող են մեծ դեր խաղալ շփումներն ակտիվացնելու առումով։
#Դետքի_հետագծով
2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Սա Իրանի կողմից բավականին լուրջ քայլ էր, որով Թեհրանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում զգալիորեն զսպեց թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները։
Добавить комментарий