Էրդողան-Ալիև մամուլի ասուլիսի հայտարարությունների հիմնական կետերը
Ս.թ. փետրվարի 19-ին Անկարայում երկկողմ հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը։
Դեմ առ դեմ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Ինչպես արդեն հայտնել ենք, բանակցություններից հետո տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրերի ստորագրում, ապա նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ստորև ներկայացնում ենք երկու երկրների առաջնորդների հայտարարությունների հիմնական կետերը:
Ռ. Թ. Էրդողան
- - Փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունները պատմական նշանակություն ունեն, քանի որ դրանք առաջին անգամ են անցկացվել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում։ Մաղթում եմ, որ ընտրությունների արդյունքները լինեն ի շահ թուրք-ադրբեջանական հարաբերությունների և եղբայրական ադրբեջանական ժողովրդի։
- - Մենք բողոք ենք հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված որոշումների դեմ, որոնք խոչընդոտում են ադրբեջանական պատվիրակության մասնակցությունն այս տարի կայանալիք միջոցառումներին։
- - Մեր համագործակցությունը զարգանում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» խոսույթի ներքո։ Մեր ընդհանուր առևտրաշրջանառությունն անցյալ տարի առաջին անգամ հասել է 7․5 մլրդ դոլարի։ Մենք պարտավորվում ենք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ այն հասցնելու 15 միլիարդ դոլարի:
- - Մենք պետք է զարգացնենք մեր երկրների ներուժը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Լավ օրինակ է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը։ Կարևոր է այս ճանապարհի առավելությունների լիարժեք օգտագործումը, ինչի համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել դրա արդիականացման աշխատանքները։
- - Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի նոր աղբյուր կդառնա ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Այս գործընթացում մենք գործում ենք միասին՝ Ադրբեջանի հետ ուս ուսի տված։
- - Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար։ Շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով։ Մենք խրախուսում ենք երրորդ կողմերին կառուցողականորեն նպաստել գործընթացին, այլ ոչ թե խաթարել այն:
- - Ցանկանում եմ հույս հայտնել, որ մի քանի օր առաջ երկու երկրների սահմանին տեղի ունեցած իրադարձությունները չեն կրկնվի։
- - Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք Ադրբեջանի հետ միասին քայլել մեր եղբայրության իրավունքով և Շուշիի հռչակագրում ամրագրված ոգով։
Ի. Ալիև
- - Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում: Շատ հարցեր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում կախված են Թուրքիայի դիրքորոշումից: Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխավորն է։
- - Թուրքիայի հզոր արդյունաբերական ներուժը, նրա հզոր տնտեսությունը, ինչպես նաև ռազմական հզորությունը հիացնում են բոլորին:
- - 2020 թվականի նոյեմբերին ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանն ազատագրեց իր օկուպացված տարածքի մեծ մասը։ Իսկ Թուրքիան մեր կողքին էր բոլոր 44 օրերին։
- - Պատերազմի առաջին ժամերին իմ սիրելի եղբոր շատ վճռական և հստակ հայտարարությունները շատերին լուրջ ուղերձ հղեցին և շատերին հետ պահեցին այս գործին խառնվելուց: «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է»․ այս քաղաքական ու բարոյական աջակցությունը բավական էր մեզ, մենք ընդամենը 44 օրում լուծեցինք մեր պատմական հարցը, որը չկարողացանք խաղաղ ճանապարհով լուծել 30 տարի:
- - Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այս եղբայրական աջակցությունը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր ստացած աջակցությունը երկկողմ հարաբերությունները նոր բարձունքի հասցրեց։ Այսօր հիմք ընդունելով Դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը՝ մենք բոլոր հարցերում միասին ենք՝ խոցելով նույն թիրախը։
- - Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա հուլիսին Շուշիում։ Այս հանդիպմանը կմասնակցի նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահը, որն ունի դիտորդի կարգավիճակ, և դա ևս մեկ հզոր խթան կհաղորդի մեր ընդհանուր գործին` թյուրքականների միասնության գործին:
- - Անցյալ տարի Ադրբեջանից Թուրքիա է արտահանվել 9 մլրդ խմ բնական գազ։ Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նախատեսվում է ավելացնել գազի ծավալները։
- - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պետք է ամբողջությամբ գործարկվի այս տարվա կեսերին՝ բեռնափոխադրումների ծավալը 1 միլիոն տոննայի հասցնելու համար։
- - Մեր համագործակցության կարևոր ուղղություններից մեկը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները դարձել են մեկ բռունցք: Ամեն տարի թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անցկացվում է առնվազն 10 զորավարժություն, և այդպիսով մեր ռազմական հզորությունն էլ ավելի է մեծանում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, իսկ հետո հինգ ամիս առաջ մեր իրականացրած հակաահաբեկչական գործողությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ թուրքական բանակի մոդելն արդեն ամբողջությամբ արմատավորվել է Ադրբեջանում։ Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական գործողությունն ամբողջությամբ հաստատեց մեր երկրի ինքնիշխանությունը, Ադրբեջանի տարածքում անջատողական ուժերի համար այլևս տեղ չկա և երբեք չի լինի։
- - Կրթության ոլորտում կարևոր պայմանագիր է ստորագրվել: Սա ապագային ուղղված նախաձեռնություն է, որովհետև մեր երիտասարդ սերունդը և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում պետք է դաստիարակվի եղբայրության, դաշինքի, ընդհանուր արժեքների սկզբունքներով, հավատարիմ լինի մեր ազգային և հոգևոր արժեքներին:
Добавить комментарий