Իրանը հերքում է Եմենի հութիներին զենք մատակարարելու ԱՄՆ մեղադրանքները
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Ամիր Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի կապ չունի Եմենի հութի ապստամբներին զենք մատակարարելու հետ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրավանին շեշտել է, որ Իրանը հավատարիմ է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին։ «Իրանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը և չի կատարել որևէ գործողություն, որը հակասում է դրանց` ներառյալ զենքի կամ զենքի համակարգերի վաճառքը կամ փոխանցումը»,- ասել է նա:
Իրանցի դիվանագետը միևնույն ժամանակ դատապարտել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ագրեսիան և ուժի անօրինական կիրառումը Եմենում։ Ըստ նրա` վերջիններիս գործողությունները կոպտորեն խախտում են Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Թեհրանը պաշտպանում է Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորումը դիվանագիտական ճանապարհով և հանձնառու է պահպանել ծովային անվտանգությունն ու նավարկության ազատությունը։
#Դետքի_հետագծով
Օրերս Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները վերջնական որոշում են կայացրել Եմենի հութիների դեմ ռազմածովային գործողությանը միանալու վերաբերյալ։ Իրականում Եմենի տարածքում բախվում են Իրանի և արևմտյան երկրների շահերը, ինչի հետևանքով երկրի տարածքում վերջիններս պրոքսի պատերազմ են վարում։
Добавить комментарий