Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում. Նասեր Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Քանաանին անդրադարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի պնդումներին։ Ըստ Քանաանիի` միջուկային գործակալությունների 15 զեկույցներում նշվում է, որ Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ է և իրականացվում է երաշխիքների համաձայնագրի շրջանակում։
«Իրանը կշարունակի ծրագիրն իր պարտավորությունների շրջանակում»,- ասել է խոսնակը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում հստակ է։
Նասեր Քանաանին հավելել է, որ Իրանն իր միջուկային զինանոցը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով։ Նա խորհուրդ է տվել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին զերծ մնալ քաղաքականացված մեկնաբանություններից։
#Դետքի_հետագծով
Չնայած բազմաթիվ մեղադրանքներին` Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար պնդում է, որ միջուկային էներգիան զարգացնում է թույլատրելի սահմաններում։ Միևնույն ժամանակ նման կերպ Իրանը ձգտում է զսպել իր գլխավոր հակառակորդների` ԱՄՆ-ի և Իսրայելի հավակնություններն իր նկատմամբ։
Добавить комментарий