Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանահայերը խտրականության կամ քաղաքական ճնշման չեն ենթարկվում․ իրանահայ պատգամավոր

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը հայտարարել է՝  Իրանի Սահմանադրությամբ ճանաչված փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, չունեն որևէ խնդիր։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական «ParsToday» լրատվական գործակալությունը։

«Համարձակորեն կարող եմ պնդել, որ Իրանի Սահմանադրությամբ ճանաչված փոքրամասնությունները չունեն որևէ խնդիր։ Ոմանք կարող են մտածել, որ իմ խոսքերը քարոզչություն ու կարգախոս են, բայց իրականությունն այն է, որ մենք լիակատար ազատություն ունենք կրոնական և մշակութային հարցերում»,- ասել է նա։

Շահվերդյանը նշել է, որ այս մասին հայտարարել է Ժնևի մարդու իրավունքների կոմիտեում. «Ես ասել եմ, որ մենք չենք ենթարկվում խտրականության և քաղաքական ճնշման՝ մեր գործունեությունը դադարեցնելու համար։ Իրանում կա մոտ 400 գործող և ոչ ակտիվ հայկական ու ասորական եկեղեցի։ Որոշ եկեղեցիների չգործելու պատճառը տվյալ տարածքում մարդկանց բացակայությունն է»։   

Իրանահայ պատգամավորի խոսքով՝ Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում գտնվող հայկական եկեղեցիները, այդ թվում՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Կազմակերպությունը գրանցել է նաև Թադեի վանքի ուխտագնացությունը, ինչը վկայում է այն մասին, թե որքան են Իրանի պաշտոնյաները կարևորում կրոնական վայրերը։

«Հակառակ մի շարք երկրների, որոնք ոչնչացնում են կրոնական վայրերը, մեր երկրի մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարությունը դրանց համար նախատեսում է կոնկրետ բյուջե, ինչը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այլ հայրենակիցների կրոնական, մշակութային և կրոնական վայրերին»,- ասել է նա՝ հավելելով, որ հայերն Իրանում ներկա են շուրջ 6 դար և գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։

Շահվերդյանը հավելել է, որ Իրանում Իսլամական հեղափոխության սկզբից հայերն առանձնահատուկ դեր ու մասնակցություն են ունեցել այս երկրի պատմական բոլոր իրադարձություններում։

#Դետքի_հետագծով

Հայ համայնքը կարևոր դեր ունի հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կյանքում, ինչի մասին վկայում է այդ երկրի խորհրդարանում 2 հայ պատգամավորի ներկայությունը։ Բացի դրանից՝ Իրանում պետական մակարդակով հոգածություն է ցուցաբերվում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, որը նույնպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում։

 

Добавить комментарий