Իրանի հետ սահմանը Հայաստանի «կյանքի գիծն է». իրանահայ լրագրողներ
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Hyrenic» մամուլի ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Էլիսոն Թահմիզյանը Թեհրանում կայացած Իրանի մեդիաոլորտի 24-րդ ցուցահանդեսի շրջանակում այցելել է պետական IRNA լրատվական գործակալության տաղավար։ Ըստ «Դետք»-ի՝ Թահմիզյանն ասել է, որ Իրանը Հայաստանի կարևոր դաշնակիցն է, և երկու երկրներն ունեն պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններ։
Անդրադառնալով հայ-իրանական սահմանին ուղղված սպառնալիքներին՝ վերլուծաբանն ասել է, որ Թեհրանը և Երևանը դիմակայում են ընդհանուր սպառնալիքների, ինչպիսիք են պանթուրքիզմը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Իրան-Հայաստան սահմանային հաղորդակցության դադարեցումը վտանգավոր է երկու կողմերի համար։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի ղեկավարությանը սահմանի դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու համար»,- նշել է նա։
Իրանահայ լրագրողն ասել է նաև, որ ընդհանուր սահմանի փակվելու դեպքում Իրանի ելքը հյուսիսից դեպի Սև ծով, իսկ Հայաստանի մուտքը դեպի արևելք կկտրվի։ Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն է ներթափանցել տարածաշրջան, բազա հիմնել Իրանի սահմանին և սպառնալ Իսլամական Հանրապետությանը։
Թահմիզյանին ուղեկցում էր նաև ինստիտուտի գիտաշխատող Նարի Նավասարդյանը, որը կարծիք է հայտնել, որ Իրանի հետ սահմանը Հայաստանի «կյանքի գիծն է»։ Նրա պնդմամբ՝ Իրանն ամենադժվար ժամանակներում միշտ օգնել է հայ ժողովրդին։
Վերջինս հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում կնպաստի Իսրայելի ներկայության հաստատմանը, որը սպառնալիք է Իրանի և Հայաստանի շահերի տեսանկյունից։ «Ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի հետ հարաբերություններում իր երկարաժամկետ շահերից։ Սակայն մենք հույս ունենք, որ հանգամանքների փոփոխության արդյունքում Մոսկվան կհասկանա, որ իր շահը Թեհրանի և Երևանի հետ հարաբերությունների ամրապնդման մեջ է»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իսկապես վերջին տարիներին Իրանը սկզբունքային դիրքորոշում է որդեգրել և զսպում է Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հավակնությունները։ Հենց այս մոտեցման շնորհիվ էլ առ այսօր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի գործարկվել, որը բխում է առավելապես Հայաստանի շահերից։
Добавить комментарий