
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. փոխվարչապետ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ «News.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին` փոխվարչապետն ասաց. «Ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է: Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու տրամաբանություն ունեն:
Երկրորդը` իրականում դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում` ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմելու կամ տպագրելու: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»:
Ըստ նրա՝ իրավական հենքի վրա արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես Պրագայում ու Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրին. «Դա նշանակում է, որ մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի 1991-ի դեկտեմբերի դրությամբ սահմանագիծը վերարտադրելու գործընթացի հետ»:
Добавить комментарий