
Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանին՝ պաշտպանության կարողությունները զարգացնելու համար․ Պապիկյան-Լըկորնյու ասուլիսի առանցքային հայտարարությունները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր 2 փաստաթուղթ է ստորագրվել։
Փաստաթղթերից մեկը ստորագրել են Հայաստանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները, մյուսը՝ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն ու ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը։
Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Ստորև ներկայացնում ենք մամուլի ասուլիսի ընթացքում հնչած առանցքային հայտարարությունները։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
- Պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, ԶՈւ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։
- ՀՀ-ն այս պահին որդեգրել է սեփական զինված ուժերը, կարողությունները նորացնել և արդիականացնել։ Սա ենթադրում է, որ մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և՛ գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում նաև՝ եվրոպական գործընկերներին է վերաբերում։ Խոսքը վերաբերում է նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորություններին։
- ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։
- Չեմ կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման-խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր երկրի սուվերենությունը։
Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
- Հայաստանն իր ԶՈՒ-ն և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առաջ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ ագրեսիայի ենթարկվեց ՀՀ սուվերեն տարածքը, օկուպացվեցին տարածքներ։
- Հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է, և որևէ մեկի դեմ չէ: Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին:
Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այլ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են այլ համագործակցությունները և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի և այլ գործընկերները:
- ՀՀ ՀՕՊ համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է: Որևէ գործընկերոջ, որևէ բարեկամի, դաշնակցի համար մենք զենք չենք գնում:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյու
- Փարիզ այցի ժամանակ ստորագրեցիք (նկատի ունի Սուրեն Պապիկյանին-խմբ․) վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության հեռադիտակները։ Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։
«Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան։
Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածությունը:
- Ֆրանսիան Հայաստանում կունենա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում:
- Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության կարողությունները ուժեղացնելու, զարգացնելու համար։
- Եթե հարկ լինի, Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ հեռահարության հրթիռները նույնպես կգտնվեն ձեր (Հայաստանի-խմբ.) տրամադրության ներքո։
- Այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար:
Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից, և մենք առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների՝ լինի դա սպառազինություն, թե վերապատրաստում:
- Եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, այս քննարկումների կարիքը չէինք ունենա: Հետևաբար սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին:
Добавить комментарий