ԱՄՆ-ն իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի հետ համագործակցության համար
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է՝ ԱՄՆ-ն շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ և պատրաստ ենք ավելի հեռուն գնալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին»,- ասել է նա։
Քիրբին նշել է, որ թեև ԱՄՆ-ն փաստեր չունի Թեհրանի կողմից Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, Վաշինգտոնը պատրաստ է այդ թեման քննարկման ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում․ «Մենք այս հարցը քննարկման կներկայացնենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք»։
Ամերիկացի պաշտոնյան հավելել է՝ միջազգային հանրության արձագանքը կլինի «արագ և կոշտ»։
#Դետքի_հետագծով
Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պարբերաբար մեղադրում են իրանական կողմին ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու մեջ։ Իրանը մշտապես հերքել է նման մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից ոչ մեկին սպառազինություն չի մատակարարում։
Добавить комментарий