Իրանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանն ընդգծել է սկանդինավյան այս երկրի հետ հարաբերությունները բարելավելու հարցում պաշտոնական Թեհրանի շահագրգռվածությունը՝ այդ նպատակին հասնելու համար կարևորելով համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու պատրաստակամությունը։
Իրանի գլխավոր դիվանագետի համոզմամբ՝ առկա են ընդհանուր շահերով երկկողմ համագործակցության համատեղ հնարավորություններ, հատկապես գիտելիքահենք ընկերությունների և գյուղատնտեսության ոլորտում։
Անդրադառնալով Գազայում տիրող ճգնաժամին և շուրջ 30 հազար պաղեստինցիների սպանությանը, որոնց 70 տոկոսը կանայք ու երեխաներ են, Աբդոլլահիանն ասել է, որ հարցի քաղաքականացվածության պատճառով մարդու իրավունքներին հավակնող որոշ երկրներ թույլ չեն տվել փաստահավաք հանձնաժողով ստեղծել այս սարսափելի սպանությունների վերաբերյալ։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին Գազայում տագնապալի հումանիտար իրավիճակը համարել է երկու երկրների ընդհանուր մտահոգությունը։ «Մենք կարևորում ենք Գազայում մարդկային ողբերգությունը կանխելու ջանքերի շարունակվելը»,- ասել է նա։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և հյուպատոսական որոշ հարցերի շուրջ։
#Դետքի_հետագծով
Չնայած Ֆինլանդիան նախորդ տարի ապրիլին անդամակցեց ՆԱՏՕ-ին, այնուամենայնիվ այս երկիրը երկար տարիներ չեզոքություն է պահպանել և բնականոն հարաբերություններ ունեցել Իրանի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո երկու երկրները փորձում են չվնասել միջպետական հարաբերությունները, քանի որ դրանք բխում են 2 կողմերի շահերից։
Добавить комментарий