5

Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյան

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Այս մասին  հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում:

Նա ընդգծել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ «Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է իր իրական ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։ Այդ նպատակով մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրսբերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։

Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը»,- ասել է նա։

 

Добавить комментарий