
Իրանը և Եգիպտոսը միավորվել են՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար
Ժնև կատարած այցի երկրորդ օրը Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել և բանակցություններ է վարել Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Հասան Շուքրիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպմանն Աբդոլլահիանն անդրադարձել է Ռիադում Իրանի և Եգիպտոսի նախագահների հանդիպմանը` այն համարելով նոր ելակետ երկու երկրների հարաբերություններում։
Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ իր երկիրը Եգիպտոսի և տարածաշրջանի համար, ամենալավից բացի, ոչինչ չի ցանկանում՝ նշելով, որ Եգիպտոսի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը։ Նրա խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ Պաղեստինին աջակցելու հարցում, դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։
Վերջինս նաև անդրադարձել է Պաղեստինին աջակցելու և Գազայի մարդկային շրջափակման վերացմանն օգնելու հարցում Եգիպտոսի դերին։ Նա Իսրայելի օկուպացիոն ռեժիմն անվանել է տարածաշրջանում ճգնաժամի հիմնական պատճառն ու ընդգծել պաղեստինցիների ցեղասպանությունը դադարեցնելու և պաղեստինյան ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկելու համար համատեղ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։
#Դետքի_հետագծով
Իրանը և Եգիպտոսը բազմաթիվ հարցերում միանման դիրքորոշում ունեն, որոնցից մեկն էլ Պաղեստինի ժողովրդին ցուցաբերվող աջակցությունն է։ Այս հարցը միավորում է ոչ միայն Իրանին և Եգիպտոսին, այլև մուսուլմանական ողջ աշխարհի երկրներին, որոնք ընդգծում են պատերազմն անհապաղ դադարեցնելու և հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։
Добавить комментарий