
Բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ․ Սեյրան Օհանյան
«Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները։ Մեր փորձից ելնելով, երբ բանակցային գործընթացը ձախողվեց, ընդհանուր առմամբ, 2018 թվականից սկսած, 2020 թվականին մենք բախվեցինք պատերազմի հետ։ Այդ առումով ցանկացած շփում կարևոր է»,- այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:
«Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքները և հարցերի հերթականությունը»,- նշել է պատգամավորը:
Անդրադառնալով միջնորդությանը՝ նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել ՀՀ իշխանության վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան, թե՛ հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն:
«Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, կարծում եմ, այնքան էլ հուսադրող չէ»,- ասել է Օհանյանը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում փետրվարի 28-29-ը կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Նախարարներն ու նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
Добавить комментарий