Ադրբեջանի տեսլականը Հարավային Կովկասում շարունակական խաղաղություն ապահովելն է․ Հաջիև
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում «Խաղաղությունը, զարգացումը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկում։
«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, ղարաբաղյան խնդիր այլևս չկա։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա»,- «Անթալիայի դիվանագիտական ֆորում 2024»-ի շրջանակում ադրբեջանցի լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ըստ Հիքմեթ Հաջիևի՝ Ադրբեջանի տեսլականն այն է, որ Հարավային Կովկասում պետք է ապահովվի շարունակական խաղաղություն։
«Բայց, ցավոք, կան ուժեր, որոնք մեր տարածաշրջանում վարում են ռազմականացման քաղաքականություն, խթանում են սպառազինությունների մրցավազքը, փորձում տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծել, միաժամանակ Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք ցանկանում են իրենց աշխարհաքաղաքական ինտրիգները հաստատել տարածաշրջանում»,- նշել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ կան որոշակի ուժեր, որոնք փորձում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը չի կրկնի նախորդ տարիների սխալները և կվարի այնպիսի քաղաքականություն, որը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սա է Ադրբեջանի մտադրությունը»,- նշել է Հաջիևը։
Ադրբեջանը տարածաշրջանում անկայունություն է հրահրում՝ պարբերաբար դիմելով սադրանքների, զուգահեռ բարձրաձայնում խաղաղություն հաստատելու սեփական նախաձեռնության մասին։
Добавить комментарий