
Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել. Ռուբինյան
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են պաշտպանել հաղորդակցության անվտանգությունն իրենց տարածքներում։ «News.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի անունից կարող եմ ասել, որ երկրի ազգային անվտանգության ծառայության կազմում ունենք վերջերս ստեղծված ստորաբաժանում։ Այսպիսով` մենք ուժեղացրել ենք Հայաստանով անցնող հաղորդակցությունների անվտանգության հարցը։ Այս թեման նույնիսկ չարժե քննարկել»,- նշեց նա։
Ռուբինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում «Զագեզուր» կոչվող տարածքային միավոր չկա, կան Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլ քաղաքներ, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։
«Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք ցանկանում ենք ապաշրջափակել հաղորդակցությունները՝ հիմնված ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց նա։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է «միջանցք» տրամադրելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ Նախիջևանը իբր շրջափակման մեջ է, և Թուրքիայի օգնությունն այնտեղ կարևոր է։ «Ադրբեջանը ցանկանում է ավելի հեշտ մուտք գործել դեպի Նախիջևան: Մենք քննարկել ենք ԵՄ-ի ներսում տարբեր մոդելներ, այդ թվում՝ կալինինգրադյանը, այդ պարամետրերը կարող են օգտագործվել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պետք է ապահովեր այդ մուտքը, հիմա հարցը Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը։
Ի պատասխան` Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Հայաստանն իր նախաձեռնությունն անվանել է «Խաղաղության խաչմերուկ», քանի որ խաղաղություն է ուզում։ Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է օգտագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», իսկ Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։
Добавить комментарий