Опубликовано H.Andreasyan -
1

«Ազատազէն»․ պատկան մարմիններից ստացել ենք Վերին Ոսկեպարի հրաձգարանը չշահագործելու ազդակներ

«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է․ «Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 2-ից, ՏԻՄ և այլ տեղական պատկան մարմինների հետ համաձայնություն ունենալով, «Մարտական եղբայրության» և Տավուշցիների հետ համատեղ բացել ենք քաղաքացիական հրաձգարան Վերին Ոսկեպարում:

Ամիսներ շարունակ մարզել ենք հարյուրավոր հայրենակիցների: Կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ:

Այս տարվա սկզբին պատկան մարմիններից ստացել ենք հրաձգարանը չշահագործելու ազդակներ:

Տարբեր միջոցներով քայլեր ենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել հրաձգարանի շահագործումը վերսկսելու համար: Այդ թվում՝ «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի՝ ս/թ փետրվար 28-ին կայացված որոշմամբ՝ կառույցը սկսելու է տարածքը լիցենզավորված քաղաքացիական հրաձգարան դարձնելու գործընթաց:

Տավուշի հրաձգարանի գործարկման դեպքում հայտարարությամբ հանդես կգանք։

Մինչ այդ կոչ ենք անում շարունակել զինվել և մարզվել թույլատրելի բոլոր տարածքներում»:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրառում էր կատարել այն մասին, որ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար:

«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազէնի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» կնքած համագործակցության հուշագրի:

Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական, այսպես կոչված, անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև՝ բարձունքում, և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:

Կիրակի՝ մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:

Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյոք ո՞ր օրենքով կամ ինչպիսի իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես «Մարտական եղբայրության» անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»,- գրել էր Տեր-Աբրահամյանը՝ ժամեր անց հայտնելով, որ անդամներին բաց են թողել, և նրանք գնում են Վերին Ոսկեպարի հրաձգարան:

Добавить комментарий