ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հեռացման պատճառները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և առնվազն մեկ տարով հեռացրեց կառույցից. այն կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Բանաձևին կողմ է քվեարկել 76 պատգամավոր։
Գործընթացը պաշտոնապես նախաձեռնել է սոցիալ-դեմոկրատական խմբի ղեկավար և ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։ Հաջորդ նիստերից մեկում ԵԽԽՎ-ն կորոշի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կհստակեցնի՝ հատկապես ինչպիսի։
Ադրբեջանն այս ամենի ֆոնին շտապեց առաջ անցնել, և Ստրասբուրգում գտնվող ադրբեջանական պատվիրակությունը Սայիդ Սայիդովի գլխավորությամբ մինչև քննարկման մեկնարկը վեհաժողովին մեղադրեց ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի մեջ։ Պատվիրակությունը հայտարարեց, որ անորոշ ժամկետով դադարեցնում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ։
Ադրբեջանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ից հեռացնելու որոշման հիմքում մի շարք պատճառներ կան, որոնք սահմանված են բանաձևում։ Պատճառներից մեկն Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամակցությունից բխող պարտավորությունների չկատարումն է, թեև Ադրբեջանը կառույցի մոնիտորինիգի ենթարկվող 11 երկրներից է։
Պատճառների շարքում է նաև ազատ ու արդար ընտրություններ «անցկացնելու» և մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված վիճակը։ Այս առումով կարևոր են վերջին շրջանում հետապնդումները հատկապես լրագրողների շրջանում։ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 254-ի, որից 11-ը լրագրողներ են։
Արցախի հայաթափման Ադրբեջանի գործողությունները ևս ազդել են ադրբեջանական պատվիրակության հեռացման որոշման վրա։
Բացի դրանից՝ փետրվարի 7-ին նախագահական արտահերթ ընտրության համար Ադրբեջանը դիտորդներ ուղարկելու հրավեր չի ուղարկել ոչ ԵԽԽՎ, ոչ Եվրախորհրդարան։
Այս գործոններն ազդել են Ադրբեջանի պատվիրակությունը հեռացնելու որոշման վրա։ Ադրբեջանը, իր որդեգրած քաղաքականության համաձայն, սկսեց տեղեկատվական քարոզչությունը՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղությամբ և երկխոսությամբ, նաև տարածեց այն դրույթը, որ չնայած ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի դադարեցնում Ադրբեջանի ներգրավվածությունը և Եվրոպայի խորհրդի մյուս մարմիններում, պաշտոնական Բաքուն այժմ դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի խորհրդից դուրս գալու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության ճանաչումից հրաժարվելու տարբերակը։
Այս քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է հնարավորինս նվազեցնել միջազգային, մասնավորապես արևմտյան դերակատարների ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունների լիազորությունների դադարեցման որոշումը կարևոր է, բայց Ադրբեջանի դեպքում հնարավոր է այն ազդեցություն չունենա հետագա բանակցությունների վրա։ Ադրբեջանը ժամանակ է տվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման մասով իրավունքները վերականգնելու համար, հակառակ դեպքում զգուշացրել է լրջորեն քննարկել ԵԽ-ից ամբողջապես դուրս գալու ընթացակարգը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:
Թուրքիան ևս անդրադարձել է այս որոշմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր ԵԽԽՎ-ի որոշումը չի համապատասխանում ժողովրդավարական արժեքներին և հակասում է ներկայացուցչության իրավունքին:
Добавить комментарий