
Հայաստանն օգտագործում են որպես ֆորպոստ՝ այս կամ այն երկրի վրա ճնշում գործադրելու համար. թուրքագետ
«Դետք»-ի հարցերին պատասխանում է թուրքագետ Մհեր Աբրահամյանը
- Վերջին շրջանում Թուրքիան, կարծես թե, մեծացրել է ազդեցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Դիցուք, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի պայմանավորվածությանը՝ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ: Կխնդրեի մեկնաբանել` ի՞նչ գործընթացներ են սրանք և մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:
- Եթե նայենք Թուրքիայի աշխարհագրական դիրքին, այն ձեռնտու է և' արևելյան, և' արևմտյան տերություններին, և պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել: Ուստի, Թուրքիան, օգտվելով, այդ բարենպաստ դիրքից, մշտապես փորձել է տարատեսակ դիվիդենտներ շահել և կարողանում է աշխատել երկու կողմերի հետ էլ, հատկապես` էրդողանյան ժամանակաշրջանում: Էրդողանը բավական ուժեղացրեց Թուրքիայի այդ արտոնությունները և փորձում է տարբեր դիվանագիտական գործողություններից իր համար օգուտներ ստանալ:
Ներկայումս տեսնում ենք, որ Թուրքիան բազում հանդիպումներ է ունենում և' ռուսական, և' արևմտյան կողմի հետ: Հիշենք Զելենսկու այցելությունը Թուրքիա, այնուհետև Հաքան Ֆիդանի այցը ԱՄՆ, որտեղ կարծես ձեռք են բերվում համաձայնություններ տարատեսակ գործողություններում: Եվ ահա Թուրքիան այս իրավիճակը օգտագործում է` իր պետությունն առավել բարձր դիրքի տանելու համար:
Մեզ համար այս գործընթացներն, իհարկե, բախտորոշ են լինելու, որովհետև, ինչպես տեսնում ենք, Թուրքիան ամեն կերպ և ամեն միջոցներով աջակցում է Ադրբեջանի քայլերին` լինի դա Հայաստանի նկատմամբ ոտնձգություն, տարածքային պահանջ, թե այլ ինչ: Այս ամենը մեզ համար բախտորոշ է լինելու, և Հայաստանի ղեկավարությունը եթե շարունակի աշխատել այս ոճով, ապա Հայաստանը կանգնելու է լուրջ խնդիրների առջև:
-Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին Թուրքիան ունի աջակցություն` տարածաշրջանում հարցեր լուծելու համար, թե՞ գերագնահատվում է Թուրքիայի գործոնը:
- Թուրքիան, իհարկե, ունի այդ հնարավորությունն Արևմուտքից, սակայն այժմ Արևմուտքը փորձում է զսպվածության մեջ պահել Թուրքիային: Այսպես ասեմ, Արևմուտքը փորձում է խաղացնել Թուրքիային, այլ ոչ թե նրան ստիպել որևէ գործողություն անել, ուստի որոշակի հարցերում զիջումների է գնում:
-Այսինքն, հնարավո՞ր է այս գործընթացների արդյունքում ինչ-որ պահի Թուրքիան Հարավային Կովկասում նշանակվի անվտանգության «երաշխավոր»:
- Ամենը տանում է դրան, և այսօրվա իշխանությունն էլ` իր քաղաքականությամբ, տանում է դրան: Սակայն տարածաշրջանում եղած խաղացողները Հայաստանն օգտագործում են որպես ֆորպոստ, որտեղ կարող են իրականացնել տարատեսակ ճնշումներ այլ երկրների վրա, ինչպես, ասենք, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո դուրս գալ իրենց դեմ: Դա առաջին հերթին Ռուսաստանն է: Գտնվելով պատերազմի մեջ և Արևմուտքի կողմից շրջապատված լինելով, այսպես ասած, երկաթե վարագույրներով, նա փորձում է շարժվել դեպի հարավ, այսինքն, դեպի Թուրքիա, Ադրբեջան, Աֆրիկա, Հնդկական օվկիանոս: Ռուսաստանի պարագայում, սակայն, մի քիչ դժվար է պահպանել այս տարածքը, թեև ՌԴ-ն ամեն կերպ փորձելու է պահպանել այն, որովհետև Հարավային Կովկասի կորուստը իր համար լի է վտանգներով, և, հատկապես, Արևմուտքից եկող վտանգներով, քանի որ Թուրքիան հանդիսանում է Արևմտյան բլոկի անդամ: Իսկ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասն օգտագործել ընդդեմ Ռուսաստանի, դուրս մղել Հայաստանի տարածքից, որպեսզի կարողանա իր ձեռքը պահել Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, որոնք կամաց-կամաց փորձում են անկախանալ Հարավային Կովկասի և շրջակա հատվածներում:
- Այս իրավիճակում ինչպիսի՞ն է Իրանի վիճակը: Արդյոք Իրանը կարող է զսպել կամ հակակշռել այս գործընթացներին` թույլ չտալով, ինչպես իրենք են ասում, պատմական սահմանների որևէ փոփոխություն:
- Միանշանակ Իրանն ունի նման մտադրություններ, սակայն Իրանի դիվանագիտական և արտաքին քաղաքականությունը ավելի քողարկված է, և Իրանը միանշանակ փորձելու է թույլ չտալ, որ տարածաշրջանում այն երկրներըմ, որ փորձելու են իրեն վնաս հասցնել, որևէ կերպ ուժեղանան: Խոսքս հատկապես վերաբերում է Թուրքիային, բայց Թուրքիայի առումով նա ավելի զուսպ է, քանի որ սահմանակից երկրներ են և ունեն տարատեսակ պայմանագրեր` տնտեսական, առևտրային, քաղաքական ոլորտներում: Ուստի Իրանը փորձում է ավելի զգույշ խաղալ, դիվանագիտական լեզվով մի քանի անգամ զգուշացումներ է արել, որ իր հարավային սահմանը իր համար կարմիր գիծ է:
- Եղան հրապարակումներ, որ Թուրքիան զինուժ է կուտակել Մարգարայի անցակետի հատվածում, և ինչու ոչ, իր մյուս սահմանային հատվածներում ևս: Ո՞ւմ դեմ է ուղղված այդ ռազմական ուժը և ինչի՞ սպասել:
- Ես մտածում եմ, որ ռազմականացումն ուժեղացնում են այն առումով, որ աշխարհում այսօր բավականին անհանգիստ է, և Թուրքիայի շուրջ պատերազմներ են տեղի ունենում: Հյուսիսում Ուկրաինան է, հարավում` Եմենի խնդիրը, կա նաև Սիրայի խնդիրը, և Թուրքիան, կարծես, իր սահմանը բերում է ավելի բարձր ռազմական մակարդակի: Ինչու չէ, հնարավոր է որոշակի ժամանակ հետո նման օջախ բացվի նաև Հարավային Կովկասում, սակայն այս պահին այս հատվածը այդքան էլ «տաք» չէ: Երեք տարի առաջ այդ օջախը ավելի բուռն էր, և 44-օրյա պատերազմով իրենք որոշ խնդրեր լուծել են, բայց էլի եմ կրկնում, իրավիճակը ամբողջ աշխարհում է լարված, հետևաբար այդ ռազմականացումը ենթադրելի էր:
Добавить комментарий