Իրանը հերքում է Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության փակման մասին պնդումները
Իրանի իշխանությունների կողմից Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը փակելու վերաբերյալ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին։
«Ինչպես մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, հարաբերությունների պահպանումն ու զարգացումն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն է հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում»,- լրագրողներին ասել է Քանաանին՝ ի պատասխան Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության հնարավոր փակման մասին վերջին տեղեկությունների։
Վերջինս շեշտել է, որ Թեհրանի դիրքորոշումն այս հարցում հստակ է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ փակել Ադրբեջանի հյուպատոսությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը տարհանել է իր դեսպանատան աշխատակիցներին հունվարի 27-ին Թեհրանում դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն, մինչդեռ իրանական կողմը բացառում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։
Добавить комментарий