Опубликовано H.Andreasyan -
00000000000000

Մենք դա անում ենք Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար, որ ապահովենք դրանց անվտանգությունը. Փաշինյանը՝ Ոսկեպարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպմանը անուղղակիորեն հաստատել է այն մտավախությունները, որ Հայաստանը զիջում է նախկին ադրբեջանաբնակ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով, փոխանցում է «News.am»-ը:

«Սահմանագծման ու սահմանազատման գործընթացը հետևյալն է, որ մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը և դա պետք է դառնա ՀՀ և ադրբեջանական պետության միջև պետական սահման: Ինչու ենք մենք այս հարցը քննարկում և ինչու ենք եկել ոսկեպարցիների հետ սա քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց շուրջ քննարկում կանենք: Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:

Գիտենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այդ հարցը, և երբ որ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց իրավիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ:

Իրենք ասում են՝ եկեք բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի կենսական նշանակության տարածքների մասին: Իհարկե, մենք հակադարձում ենք, ասում ենք՝ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, բոլոր քննարկումների ժամանակ մենք այդ փաստարկները բերում ենք, և այդ փաստարկները արդարացի են, մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ սա է պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման: Ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգութունը»,- ասել է նա:

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է․ «Դուք գիտեք, որ Հայաստանը անվտանգային բավականին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, ես նաև մի քանի օր առաջ տեղի ունեցած իմ ասուլիսում ասել եմ, որ իմ կարծիքով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու համար կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր հույսը դնենք մեզ վրա, մեր ռեսուրսների վրա: Մեր ձեռքի տակ եղած ռեսուրսը, գործիքը լեգիտիմությունն է: Մենք պետք  է ակտիվ լինենք արձանագրելու համար Հայաստանի սահմանները այ այս միջազգայնորեն ճանաչված տարածքի շրջանակներում»,- ասել է Փաշինյանը և կրկին ցույց տվել իր հետ բերած Հայաստանի քարտեզը:

«Ես եկել եմ այստեղ, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս կողմից եկել եմ ասելու, որ իրադրությունն այնպիսին է և տրամաբանական է, որ մենք սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում, կամ մի քիչ էլ այն կողմ:

Սահմանազատումն այն է, երբ մենք քարտեզի վրա ֆիքսում ենք, թե որն է սահմանի կոորդինատը, իսկ սահմանագծումն այն է, որ գնում ենք, հողի վրա կանգնում ենք ու ասում՝ այ էստեղ սկսվում է կամ ավարտվում է Հայաստանը:

Մեզ համար կարևոր է ֆիքսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մեր խնդիրն այսօր տարածաշրջանի մի շարք երկրների հետ այն է, որ մենք ուզում ենք, որ նրանք, համաձայն պայմանավորվածության, ճանաչեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Բայց եթե մենք ուզում ենք, որ ուրիշները ճանաչեն, նախ ինքներս պետք է դա ճանաչենք: Ես եկել եմ ասելու, որ սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է:

Այս պահին մենք ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի որոշում, որևէ բան, որից դուք տեղյակ չեք, չունենք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը սրանով անուղղակիորեն ասել է, որ այդ տարածքները հանձնելու դիմաց Ադրբեջանը Հայաստանին չի վերադարձնելու, օրինակ, Բերքաբերի հարյուրավոր հեկտարներով հողատարածքները, որոնք 90-ականներին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Добавить комментарий