
Իրանը ստանձնել է ՄԱԿ-ի զինաթափման համաժողովի նախագահությունը
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին ստանձնել է ՄԱԿ-ի զինաթափման համաժողովի նախագահությունը: Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ համաժողովի առաջին հանդիպման ժամանակ Ժնևում Իրանի դեսպանը ներկայացրել է իր նախագահության օրոք Իրանի ծրագրերը։ Նա շեշտել է, որ Իրանը խաղաղասեր և պատերազմին ու բռնությանը դեմ այլ երկրների հետ միասին ձգտելու է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ զանգվածային ոչնչացման զենքերի, հատկապես միջուկային զենքերի վերացման միջոցով։
Բահրեյնին հայտնել է, որ զինաթափման համաժողովում Իրանը իր նախագահության ընթացքում ձգտելու է միջուկային զենքի սեփականատերերի պարտավորությունների կատարմանը, միջուկային զենքի ամբողջական, անդառնալի և ստուգելի ոչնչացմանը, միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցմանը, զանգվածային ոչնչացման զենքից զերծ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կերտմանը։ Ըստ նրա՝ Թեհրանը կարևորում է ոչ միջուկային պետություններին անվտանգության երաշխիքների տրամադրումը, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի արգելումը և այլն։
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է նաև շրջափակված Գազայի հատվածի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիան։
#Դետքի_հետագծով
Զինաթափման համաժողովը, որը ստեղծվել է 1978 թվականին, զինաթափման ոլորտում միակ միջազգային բազմակողմ բանակցային մարմինն է, որը պատասխանատու է այս ոլորտում միջազգային պայմանագրերի բանակցությունների և կնքման համար։ Իրանի համար կարևոր է այս կազմակերպությունը նախագահելը, ինչը երկրի ազդեցությունը մեծացնելու միջոցներից մեկն է։
Добавить комментарий