64556

Ի՞նչ է ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում, Բաքվում և Թբիլիսիում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ամփոփել է իր տարածաշրջանային այցը` հայտարարելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը անվտանգության համար կարևոր են ավելի լայն իմաստով: 

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն իր այցը մեկնարկել էր Ադրբեջանից, ապա եղել Վրաստանում և վերջում` Հայաստանում: Սա Յենս Ստոլտենբերգի առաջին այցն է տարածաշրջան 2020 թվականից ի վեր:

«Դետք»-ն առանձնացրել է այցի հիմնական ուղերձները և ուսումնասիրել, թե Հայաստանի հանրային դաշտում ինչ արձագանք են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր պաշտոնյայի հայտարարությունները: 

Ի՞նչ է ասել Ստոլտենբերգը Բաքվում 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպումների արդյունքում պաշտոնյան հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը տարիներ շարունակ հակամարտելուց հետո այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ 

Ստոլտենբերգը X-ում գրել էր. «Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից։ Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար. կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»։

Նա նաև հայտարարել էր, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ գազ մատակարարելով դաշինքի վեց երկրներին։ Բացի դրանից` նա բարձր էր գնահատել Բաքվի` մոլորակի կլիմայական խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցությունը՝ հիշեցնելով, որ նոյեմբերին Ադրբեջանում տեղի կունենա ՄԱԿ-ի կլիմայական «COP29» համաժողովը։ Վերջում ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին Կոսովոյում և Աֆղանստանում դաշինքի առաքելություններին մասնակցելու համար։

«AzTV» հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս երկու երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է։ Մեր երեկվա հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան»,- նշել է նա:

Ի՞նչ է ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում 

Բաքվից հետո Ստոլտենբերգը ուղևորվել է Վրաստան։ Նշենք, որ տարածաշրջանում հենց Վրաստանն ամենասերտ համագործակցությունն ունի դաշինքի հետ։ Թբիլիսին պաշտոնապես ձգտում է միանալ ռազմական դաշինքին, և համապատասխան նպատակն ամրագրված է երկրի սահմանադրությամբ։ Դեռևս 2007 թվականին Վրաստանի ղեկավարությունը դիմել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով։ Ի պատասխան` դաշինքից ասել են, որ մի օր դա անպայման տեղի կունենա, սակայն մինչ այժմ կոնկրետ ժամկետներ չեն նշվում։

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հանդիպումների արդյունքում պաշտոնյան նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։

«Մենք միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա պնդմամբ` ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին, «մինչ դուք շարունակում եք ընթանալ դեպի ավելի ուժեղ ժողովրդավարություն և Եվրաատլանտյան լիարժեք ինտեգրում, այդ թվում՝ 2008 թվականի Բուխարեստի որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ»։

Յենս Ստոլտենբերգը Երևանում 

ՆԱՏՕ-ի պաշտոնյանի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երևանն էր, որտեղ Ստոլտենբերգը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, իսկ այցի ավարտին հարցազրույցներ տվել հայաստանյան լրատվամիջոցներին: 
Հատկանշական է, որ ի տարբերություն Ադրբեջանում ունեցած հանդիպման՝ Ստոլտենբերգը Երևանում չի հանդիպել պաշտպանության նախարարի հետ, ինչը ևս խոսում է ՆԱՏՕ-ի հարավկովկասյան առաջնահերթությունների մասին։ 

Երևանում պաշտոնյան հայտարարել է, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, նաև նշել` իրատեսական է համարում, որ Երևանը և Բաքուն տևական խաղաղության կարող են հասնել։ Սակայն ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ շեշտել է, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Երևանի և Բաքվի միջև ու չի կարող բանակցային սեղան առաջարկներ բերել։ 

Նույն հարցազրույցի ժամանակ պաշտոնյան նաև հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը` կարևոր գործընկերը. «Պատճառներից մեկը, թե ինչու ենք աջակցում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այն է, որ հավատում ենք՝ դա նաև կօգնի կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»: 

Հետաքրքրական է, որ Ստոլտենբերգի երևանյան հայտարարություններում նկատելի էր հատկապես հակառուսական շեշտադրումը: Նա, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ «Ես ողջունում եմ Ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- նշել է Ստոլտենբերգը: 

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հակառուսական ուղերձի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` նկատելով. «Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, հենց սա նկատի ունենք. Ստոլտենբերգի այցի նպատակը հակառուսականության ճակատը հենց Հայաստանո՞ւմ ընդլայնելն է, ո՞րն է այս հայտարարության գինը, և ո՞վ է այն վճարելու։ 

Հարցերս հռետորական են, պատասխաններն առավել քան ակնհայտ (Բաքվում, օրինակ, նույն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը»)»։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն էլ այդ հայտարարության առնչությամբ հետևյալ կարծիքն է հայտնել. «Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է` «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։

Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը։ 
Կա մի ճանապարհ դա թույլ չտալու. պարզապես պետք է տեր կանգնել երկրին։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ երկրի սահմաններին և երկրի ներսում»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միայն Բաքու այցի ժամանակ է ՆԱՏՕ-ի պաշտոնյան առանձին հանդիպում ունեցել Պնախարարի ու ԱԳՆ ղեկավարի հետ. «Թբիլիսիում և Երևանում հանդիպումներն ավելի շատ արարողակարգային էին, քան պրակտիկ ու գործնական։ Երևանում ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել Պնախարարը, բայց առանձին հանդիպում չի եղել։ Որքան տեղյակ եմ, նույնը եղել է Թբիլիսիում։ Բաքվում Ստոլտենբերգը ողջունել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը։ Բաքվում հանդիպումների ինտենսիվությունն ու հնչած ուղերձները գալիս են հուշելու, որ Ադրբեջանը փաստացի պատրաստ է դառնալ պլացդարմ Իրանի, ինչու չէ, նաև Ռուսաստանի դեմ, եթե դրա դիմաց լավ գին «պոկի» Արևմուտքից։ Փաստացի, Ալիևը փորձում է նստել միաժամանակ երկու աթոռի վրա, իսկ դա նրան շատ ավելի խոցելի է դարձնում։ Բազմաթիվ դրվագներ կան, որոնք հուշում են, որ Հայաստանը ունի ելքեր, լուծումներ այս նվաստացումից դուրս գալու համար, մնում է դա օգտագործել, իմացող, պետականամետ մարդիկ գան իշխանության»։
 

Добавить комментарий

From the author