ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պնդել է՝ Կարմիր ծովում և Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ Իրանի դեմ մեղադրանքներն անհիմն են
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան ու մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հերքել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անհիմն մեղադրանքները Կարմիր ծովում և Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Եմենի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին նիստում բարձրացված հարցերին ի պատասխան` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Սաիդ Իրավանին գրել է, որ այս հանդիպմանը ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները հերթական անգամ չարաշահել են Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ Կարմիր ծովում և Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։
Նրա խոսքով՝ Թեհրանը կտրականապես մերժում է այդ անհիմն մեղադրանքները, սակայն դրանք համարում է պատրվակ, որը Վաշինգտոնն ու Լոնդոնն օգտագործում են իրենց անհեռատես քաղաքական օրակարգն առաջ տանելու, ինչպես նաև Եմենի դեմ անօրինական գործողություններն ու ռազմական ագրեսիան արդարացնելու և օրինականացնելու համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է վերոնշյալ հանդիպմանը Ֆրանսիայի ներկայացուցչի ընթերցած հայտարարության մեջ Թեհրանի դեմ ուղղված անհիմն հղումը և չհիմնավորված մեղադրանքը։ Թեհրանը կոչ է անում Փարիզին՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամի, գործել ավելի պատասխանատու և զերծ մնալ անկախ երկրների անհիմն պիտակավորումներից և քաղաքական մեղադրանքներից»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է՝ Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը դիվանագիտական ուղիներով և ընդգծում է ծովային անվտանգության ու նավարկության ազատության վերաբերյալ իր հանձնառությունը:
#Դետքի_հետագծով
Կարմիր ծովում և Եմենում, որտեղ գերակայություն ունեն Իրանի աջակցությունը վայելող հութիները, վերջին ամիսներին լարվածությունը խորանում է, և հանգուցալուծման ելքեր չեն նշմարվում։ Այս համատեքստում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մեղադրում են Իրանին, մինչդեռ վերջինս հերքում է իր առնչությունը հութիների կողմից իրականացվող գործողություններին։
Добавить комментарий