Չինաստանի հետ հարաբերությունները հետագայում էլ ավելի կընդլայնվեն.  Հիքմեթ Հաջիև

Չինաստանի հետ հարաբերությունները հետագայում էլ ավելի կընդլայնվեն. Հիքմեթ Հաջիև

«Չինաստանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ լավ են եղել այն ժամանակներից, երբ Ադրբեջանը ձեռք է բերել իր անկախությունը, և այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ վերընթաց ուղղությամբ։ Ադրբեջանը հաստատակամորեն հավատարիմ է Չինաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- այս մասին չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ քաղաքական հարաբերությունները միշտ եղել են լավագույն մակարդակի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը պաշտպանում է «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա, ըստ Հաջիևի, Չինաստանի հետ համագործակցությունը և չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը եղել են Ադրբեջանի հաջողության պատմության մի մասը. «Ադրբեջանը սահմանել է «կանաչ զարգացումը» և թվային փոխակերպումը որպես իր ազգային առաջնահերթություններից մեկը։ Այս տարի Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը։ «Միջին միջանցքը» լրացուցիչ նշանակություն ունի։ Չինաստանի և Ադրբեջանի տեսակետները համընկնում են բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության մեջ, այդ թվում՝ մշակութային, հումանիտար և միջազգային կառույցներում։ Ելնելով ավանդական հարաբերություններից, համագործակցությունից ու բարեկամությունից՝ մենք ակնկալում ենք այս համագործակցության շարունակականությունը»։

Խոսելով Չինաստան կատարած այցի արդյունքների մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ դա ավելի մեծ վստահություն է հաղորդում երկկողմ հարաբերությունների շարունակականությանն ու ընդլայնմանը. «Ես շնորհակալ եմ մեր չինացի գործընկերներին, որ համագործակցությունը զարգացնելու Ադրբեջանի մտադրությունը նույն արձագանքն է ստանում Չինաստանից»։

Добавить комментарий