DETQ

Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը դրական, բայց ոչ բավարար քայլ է

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Գազայում հրադադարի վերաբերյալ բանաձևի ընդունմանը։  Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Նասեր Քանաանին հայտարարել է, որ վեց ամիս շարունակ պաղեստինցիների նկատմամբ սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը կանխելուն ուղղված ջանքերից հետո այս բանաձևը դրական, բայց ոչ բավարար քայլ է: Նրա խոսքով՝ բանաձևի ընդունումից ավելի կարևոր է դրա իրագործման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև Գազայի հատվածի և Արևմտյան ափի դեմ սիոնիստական ագրեսոր ռեժիմի հարձակումների դադարեցումը։ 

Իրանցի պաշտոնյան կարևորել է, որ Գազայի շրջափակումն ամբողջովին վերացվի, անցակետերը վերաբացվեն՝ միջազգային մարդասիրական օգնությունը Գազայի հատված հասցնելու համար։ Ըստ նրա՝ չափազանց կարևոր է նաև միջազգային ֆինանսական ռեսուրսների տրամադրումը՝ տների, կենսական նշանակության ենթակառուցվածքների, հատկապես հիվանդանոցների և սպասարկման կենտրոնների ավերածությունների վերականգնման նպատակով։

Քանաանին հավելել է՝ սիոնիստական ռեժիմի արձագանքն այս բանաձևին վկայում է բոլոր ոլորտներում ձախողման հետևանքով առկա զայրույթի մասին։ «Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատասխանատվության կենթարկի այս ռեժիմին ԱԽ բանաձևերի խախտման և վերջին վեց ամիսներին Պաղեստինի անօթևան ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Մարտի 25-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։

Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի վետոյի իր իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։ Հաստատված բանաձևով ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և ընդլայնել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը»։

Добавить комментарий