Պաշտոնական Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես Երևանը. Ա. Հաջիզադե
Պաշտոնական Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երևանը: Այս մասին հայտնել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
«Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, լինելով շուրջ 30 տարի զինված ագրեսիայի, օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ, նույնիսկ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, որոնք պահանջել են անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրս բերել հայկական զորքը, ԵՄ-ից և ԱՄՆ-ից երբեք նման անվերապահ աջակցություն չէր ստացել»,- նշել է Հաջիզադեն՝ ի պատասխան ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի մասին տեղեկության հրապարակմանը:
Ըստ խոսնակի` Բաքվին մտահոգում է Բրյուսելում նախատեսված հանդիպումը, որի օրակարգում այդ թվում Երևանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցն է, ինչպես նաև «Հայաստանի ռազմականացմանն» ուղղված Փարիզի ծրագրերը, որը «ներառում է նաև նոր խոստումներ՝ ավելացնելու ռազմական մատակարարումները (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքերը»։
«ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի դրանից` քննարկվում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Դա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում և խարխլում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը»,- հայտարարել է Հաջիզադեն:
Նա դժգոհություն է հայտնել նաև եվրոպացի դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ` նշելով, որ դա արվել է առանց Ադրբեջանի համաձայնության։
«Առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, բացի դրանից` Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն: Դա ուղեկցվում է Ադրբեջանի կողմից հնարավոր միջամտությունը զսպելու կոչերով, որոնք բացարձակապես անհիմն են»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։
Հաջիզադեի խոսքով՝ ադրբեջանական կողմը բազմիցս է ԵՄ-ին կոչ արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և ապահովել, որ դա լինի չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն, որը, համաձայն իր մանդատի, պետք է զերծ մնա Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ու անվտանգության օրինական շահերի դեմ ուղղված որևէ գործողությունից:
Добавить комментарий