Գազան Իսրայելի ցեղասպան ռեժիմի դեմ ճակատամարտի գլխավոր հաղթողն է․ Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Գազան Իսրայելի ցեղասպան ռեժիմի դեմ ճակատամարտի գլխավոր հաղթողն է։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Խամենեին շեշտել է, որ վեցամսյա պատերազմում Գազայի և Պաղեստինի ժողովրդի արժանապատվության ու դիմադրության բարձրակետը և սիոնիստական ռեժիմի ձախողումներն աստվածային իրադարձություն ու երևույթ են:
«Սիոնիստական ռեժիմն իր ողջ ռազմական տեխնիկայով և աշխարհի դաժան տերությունների աջակցությամբ սպանում է կանանց և երեխաների, ինչը ցույց է տալիս, որ այս ռեժիմն ի վիճակի չէ դիմակայելու դիմադրության ուժերին և պարտության մատնելու նրանց»,- հայտարարել է նա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալահի հետ հանդիպման ժամանակ։
Խամենեին վստահություն է հայտնել, որ Գազայի ժողովրդի վերջնական հաղթանակն անխուսափելի է։
Զիյադ ալ-Նախալահը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Պաղեստինի հարցում։ Նրա խոսքով` չնայած բոլոր դժվարություններին և դավադրություններին` Գազայի ժողովուրդը դիմադրության ուժերի կողքին կարողացել է ձախողել ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի և նրանց աջակիցների ծրագիրը, որն ուղղված էր դիմադրության շարժման ոչնչացմանը։
«Գազայի ժողովուրդը և դիմադրության ուժերը վճռական են՝ շարունակելու դիմադրությունը մինչև վերջնական հաղթանակ, և Աստծո կամոք վերջնական հաղթանակը տեղի կունենա ոչ հեռու ապագայում»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Իսրայելը չի դադարեցնում Գազայի հատվածում շարունակվող պատերազմը։ Այս ֆոնին Իրանը մեծացնում է Գազայի ազատագրման համար մարտնչող կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը, որոնց շարքում ՀԱՍԱՍ-ը և Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումն առաջնային դեր ունեն։
Добавить комментарий