Թեհրանը և Մոսկվան քննարկել են Իրանում գազի հանքավայրի համատեղ շահագործման հնարավորությունը
Իրանը և Ռուսաստանը շարունակում են խորհրդակցություններ անցկացնել՝ Իրանում գազի հանքավայրերի համատեղ շահագործման հարցում համաձայնության հասնելու համար։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը:
Հաղորդվում է, որ Իրանի նավթի ազգային ընկերությունը և «Գազպրոմը» աշխատում են Իրանում նավթագազային նախագծերում ռուսական ընկերության մասնակցության հեռանկարների տնտեսական գնահատականը պարզելու համար՝ համաձայն 2022 թվականի ամռանը ստորագրված ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագրի։ Գործարքի շրջանակում ընկերությունները պարտավորվել են, ի թիվս այլ բաների, ուսումնասիրել իրանական հանքավայրերի զարգացման հարցում փոխգործակցության հնարավորությունը:
«2022 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ» խմբի պատվիրակությունն այցելեց Իրան, որից հետո կողմերը պայմանավորվեցին շարունակել խորհրդակցությունները: Բանակցություններն ընթանում են, և մենք անհամբեր սպասում ենք այս ոլորտում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասել է Դեդովը:
Դեսպանը նաև հավելել է, որ տեսնում է ռուսական այլ ընկերությունների աճող հետաքրքրությունը նավթի և գազի ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։
Добавить комментарий