Եթե ՀՀ-ն հրաժավի Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, կօրինականացնի ադրբեջանական «ավարը». Սիրանուշ Սահակյան
Հրաժարվելով Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից՝ Հայաստանը օրինականացնում է այն ձեռքբերումները և խախտումները, որոնք կատարել է Ադրբեջանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ դրանով հրաժարվում ենք նաև մեր իրավական պահանջատիրությունից:
«Ըստ այդմ` այսօր ունեցած իրողությունն ընդունում ենք որպես արդյունք, փակում ենք պատմության էջը և առանց որևէ հավակնությունների ու պաշտպանվածության շարունակում ապրել: Բայց այս ամենի մեջ կա նաև այլ վտանգ. եթե Հայաստանը հրաժարվում է իր հայցերից, և Ադրբեջանը չի կատարում իր խոստումները, որ արտացոլված են քաղաքական փաստաթղթում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դրությունը»,- ասաց Ս. Սահակյանը:
Նա ընդգծեց՝ Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել ադրբեջանական «ավարի» օրինականացումը, սկսել է ճնշել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից: Սահակյանի կարծիքով՝ վնասներն էական են լինելու, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման գործընթացներից։
«Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ կհրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, որովհետև մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմանի հանցագործություններ, զավթումներ ու էթնիկ բնաջնջումներ լինեին, և երկու կողմերը հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե սա ընդունելի կլիներ, բայց մենք ցանկանում ենք ոչ հավասար կարգավիճակում ունենալ հավասար լուծումներ, ինչը անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,- ասաց նա։
Добавить комментарий