ՀՀ ԶՈՒ տեղաշարժի մասին Բաքվի հաղորդման նպատակը Երևանի նկատմամբ ճնշումն էր. փորձագետներ
Հայկական զինտեխնիկայի կուտակման մասին ադրբեջանական մեդիայում տարածվող տեսանյութը Բաքվի քարոզչական թեզերը հաստատելու հերթական փորձն է, իսկ նպատակն, ըստ հայաստանյան ռազմական փորձագետների, Երևանին ճնշելով՝ Սյունիքով միջանցք ստանալն է կամ էլ Տավուշին հարակից չորս գյուղերը վերադարձնելը։
«Արևմտյան խաղացողների ռեյտինգը իջեցնել Հայաստանում, ինձ թվում է, իրենց ցույց տալ որպես ոչ-էֆեկտիվ ուժեր, երկրորդը, երրորդը՝ իրենք ունեն մի քանի թեմա, որից ուզում են էլի զիջումներ Հայաստանից՝ մեկը՝ այդ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը, երկրորդը՝ Տավուշի հետ կապված այդ սահմանամերձ գյուղերի հարցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՊՐԻ Հայաստան կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:
Ռազմական ոլորտի մասնագետները միևնույն ժամանակ, սակայն, չեն բացառում՝ Բաքվի տեղեկատվական աղմուկը նաև կարող է նախապատրաստություն լինել սահմանին հերթական ռազմական էսկալացիան հրահրելու համար։
«Սադրանքը կարող է լինել ոչ շատ մեծ, ասենք, ձևաչափով, բայց մեկ է, բավականին ռիսկային, ինձ թվում է, ժամանակաշրջան է հիմա, հատկապես՝ այս ապրիլի 5-ի հանդիպումը», - նշեց Ներսիսյանը:
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանի խոսքով էլ՝ ոչինչ բացառել պետք չէ. - «Ես ոչինչ չեմ բացառում: Նրանք կարող են հարվածել, նրանք կարող են չհարվածել, նրանք իրենց պատրվակ կգտնեն, կարևոր չէ՝ միջազգային հանրույթը դա կընդունի՞, թե՞՝ ոչ։ Իրենց համար մեկ է»։
Երեկ առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե սահմանի տարբեր հատվածներում «հայկական զինված ուժերի ակտիվ տեղաշարժ է նկատվում», ապա սպառնացել՝ «Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձի դեպքում այն վճռականորեն կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։ Ընդ որում, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը կուտակումների մասին պնդումն անելով՝ որևէ հիմնավոր փաստ չէր ներկայացրել։ Երևանը հերքել էր ադրբեջանական այս պնդումները։
Իր հերթին, Եվրամիության դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ - ադրբեջանական սահմանին և արձանագրել՝ ամեն ինչ հանգիստ է։
Փորձագետն ասում է՝ հայկական զինտեխնիկայի կուտակման մասին տեսանյութը որևէ կերպ հիմնավոր փաստ չէ՝ հաստատելու, թե հայկական կողմը սադրանքի է նախապատրաստվում։ Դրանում ռազմական տեխնիկայի ու մարդուժի տեղաշարժ է, սակայն հստակ չէ՝ երբ ու ինչ պայմաններում է արվել տեսագրությունը. մասնագետները ենթադրում են՝ Երասխի ադրբեջանական դիրքերից են կադրերն արվել, բայց դժվար է ասել՝ նո՞ր են, թե՞՝ ոչ։
Добавить комментарий