Բողոքի ցույցեր և անհնազանդության ակցիաներ Թուրքիայում
Թուրքիայի մի շարք շրջաններում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք կապված են 2024 թ. մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների չեղարկման հետ:
Ցույցեր են տեղի ունենում Վանում, Բիթլիսում, Սիիրթում և քրդաբնակ այլ շրջաններում:
Վանի նահանգում և վերջինիս բոլոր 13 շրջաններում հաղթել է քրդական «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցությունը: Ընդ որում՝ ԱԶԿ-ն պարտվել է անգամ այն 4 շրջաններում, որտեղ 2019 թ. ՏԻՄ ընտրություններում կարողացել էր հաղթել: Վանի քաղաքապետի ընտրություններում ԺՀԺԿ թեկնածու Աբդուլլահ Զեյդանը ստացել է ձայների 55.48%-ը, ԱԶԿ թեկնածու Աբդուլահհաթ Արվասը՝ 27.15%-ը, իսկ «Նոր բարօրություն» կուսակցության թեկնածու Աբդուլլահ Սադըքսոյը՝ ձայների 5.37%-ը:
Ընդ որում՝ ԱԶԿ-ի պարտությունից հետո իշխանական շրջանակները և նախագահ Ռ. Թ. Էրդողանն ընդգծել են, որ նման արդյունքների ընդունումը խոսում է Թուրքիայում ժողովրդավարության հասունության և կայացման մասին: Այդուհանդերձ, Վանում տեղի ունեցող զարգացումները որոշակիորեն ստվերում են այդ պնդումները: Ընտրություններից հետո Վանի նահանգային ընտրական խորհուրդը չեղարկել է քրդամետ ԺՀԺԿ-ի թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը՝ քաղաքապետի լիազորագիրը տալով ԱԶԿ թեկնածու Ա. Արվասին:
Բացի դրանից՝ իշխանությունների պնդմամբ՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածուների հաղթանակները չեղարկվել են քարոզարշավի և քվեարկության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումների պատճառով։
Добавить комментарий