Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում. Գուրգեն Մելիքյան
Բաղանիսը, Կիրանցը, Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չեն, բոլորինս են, և պետք է բոլորս պայքարենք դրանց համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը:
Նա հայտարարեց` Տավուշը Հայաստանի դարպասն է, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում. «Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների։ Միակողմանի զիջումը ոչ մի բան չի տալու մեզ, մենք ստորացած վիճակում ենք։ Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը, բայց և գիտենք այն արյան արժեքը, որ տղաները թափել են։ Սա հողի, տան, տարածքի հարց չէ, հայրենիքի հարց է, մենք պարտավոր ենք պահել այդ հողը»։
Այն դիտարկմանը, թե քննարկվում է այդ տարածքների հայկական լինել-չլինելու հարցը, Մելիքյանն արձագանքեց. «Այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա, որ մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչը մերն է։ Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր։ Ուղղակի պետք է արձանագրենք՝ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, թույլ են տալիս պղծել մեր սրբությունները»։
Добавить комментарий