Իրանն ինքը կորոշի, թե ինչպես պատասխանի Սիրիայում Իսրայելի ավիահարվածին. Իրանի ԳՇ պետ
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը Իսրայելի հասցրած մահացու հարվածի համար վրեժխնդիր լինելն անխուսափելի է։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Բաղերին շեշտել է՝ Թեհրանն ինքը կորոշի, թե ինչպես և երբ իրականացնել պատասխան գործողությունը։ Նա ընդգծել է, որ Իսրայելին պատասխան հարվածը կհասցվի «ճշգրիտ»՝ ստիպելով վերջինիս զղջալ իր գործողությունների համար։
Հաղորդվում է, որ Բաղերին ելույթ է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար և ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորության ժամանակ, որը սպանվել է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով: Վերջինս, Դամասկոսում իրանական առաքելությանը հասցված հարվածը «Իսրայելի կողմից ինքնասպանություն» բնութագրելով, ասել է, որ իրանցի ռազմական խորհրդականների մահը կարագացնի Իսրայելի ոչնչացումը:
Բաղերին զգուշացրել է նաև, որ Դամասկոսի վրա հարձակման առաջնային պատասխանատուն Միացյալ Նահանգներն է, և Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկվի։
#Դետքի_հետագծով
Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան սպա։ Ներկայումս իրանական կողմը քննարկում է Իսրայելին հակահարված հասցնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ ձգտելով այնպես անել, որ դա չվերածվի տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։
Добавить комментарий