Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Քանաանին ասել է՝ խոսելով Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։
«Փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության զարգացման, կայունության ու խաղաղության ամրապնդման, հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից»,- ասել է նա։
Նասեր Քանաանին շեշտել է նաև տնտեսական համագործակցության ամրապնդման, կապերի ընդլայնման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև։
Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
#Դետքի_հետագծով
Չնայած Իրանը նույնպես դեմ է տարածաշրջանում Արևմուտքի ներկայության մեծացմանը, այնուամենայնիվ վերջինս ՌԴ-ի նման կոշտ չի արձագանքում բրյուսելյան հանդիպմանը։ Սրանում կարևոր դեր ունեն Հայաստանի այն հավաստիացումները, որ Արևմուտքի հետ փոխգործակցության խորացումն ուղղված չէ Իրանի դեմ։
Добавить комментарий