Опубликовано D.Guyumjyan -
detq

Իսլամադավան երկրները պետք է հակազդեն Իսրայելի գործողություններին․ Իրանի մեջլիսի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ բռնազավթված տարածքներում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողություններին հակազդելը իսլամական երկրներից լուրջ վճռականություն է պահանջում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Այդ նպատակն իրագործելի է դիմադրության ուժը ամրապնդելու և պաղեստինյան գործի նյութականացմանն ու բռնազավթված տարածքներում Սուրբ Ալ-Ղուդսի ազատությանը լիովին աջակցելու դեպքում»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Նա վստահ է, որ ներկայիս ճգնաժամային պայմաններում Պաղեստինի խնդրի լուծումը և բռնազավթիչ սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին դիմակայելը պահանջում է իսլամական երկրների համապարփակ վճռականությունը՝ ուժեղացնելու համար դիմադրությունը, լիովին աջակցելու Երուսաղեմի ազատագրմանը և պաղեստինյան իդեալը կյանքի կոչելուն:

Ղալիբաֆը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունը իսլամի գաղափարների առաջխաղացման ճանապարհին մուսուլմանական երկրների միջև միասնության և բարեկամության հետագա ամրապնդման հնարավորություն կընձեռի:

Ըստ Իրանի խորհրդարանի նախագահի՝ Թեհրանը պատրաստ է զարգացնել խորհրդարանական կապերը իսլամական բոլոր երկրների հետ, համերաշխություն դրսևորել իսլամական աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում և էլ ավելի մեծ հաջողություններ ու կատարելություն է մաղթում աշխարհի բոլոր մահմեդականներին:

#Դետքի_հետագծով

Իսրայելը ոչ միայն չի դադարեցնում Գազայում ընթացող պատերազմը, այլև արդեն հարձակումներ է գործում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ, ինչն առաջացրել է Թեհրանի խիստ դժգոհությունը։ Այս համատեքստում Իրանի իշխանությունները ձգտում են այդ երկրի դեմ իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել՝ պայքարն ավելի առարկայական դարձնելու համար։

Добавить комментарий