Опубликовано D.Guyumjyan -
detq

Եթե Իրանի տարածքից հարձակում լինի Իսրայելի նկատմամբ, հարվածը կլինի Իրանի խորքին․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և արտգործնախարար Իսրայել Կացը սպառնացել են, որ եթե Իրանն իր տարածքից հարձակում ձեռնարկի, Իսրայելը պատասխան հարվածը կհասցնի Իրանի խորքին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Times of Israel» պարբերականը։

Իսրայելի հյուսիսում տեղակայված զորքերի առջև ելույթ ունենալիս Գալանտը հայտարարել է, որ երկրի վրա ցանկացած հարձակում կհանդիպի ուժեղ պաշտպանության, այնուհետև հզոր պատասխան կհասցվի հենց հարձակվողի տարածքին:

«Այս պատերազմում մեզ վրա հարձակվում են մի քանի ճակատից՝ տարբեր ուղղություններից։ Ցանկացած թշնամի, որը կհանդգնի հարձակվել մեզ վրա, առաջին հերթին կհանդիպի ուժեղ պաշտպանության։ Մենք, սակայն, կիմանանք՝ ինչպես շատ արագ արձագանքել՝ վճռական հարձակողական գործողություններ կատարելով այն երկրի տարածքի դեմ, որը կգրոհի մեր տարածքը, Մերձավոր Արևելքի որ հատվածում էլ այն լինի»,- ասել է նա։

Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իր երկիրն ունի այդ հնարավորությունը՝ շեշտելով, որ Իսրայելի վերջնական պատասխանը կլինի «չափազանց, չափազանց արդյունավետ և չափազանց հզոր»: Նրա խոսքով՝ Իսրայելի գրանցած առավելություններից մեկն էլ այն է, որ թշնամին երբեք չի իմանա՝ ինչ անակնկալներ են պատրաստել իրենց համար:

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ի իր միկրոբլոգում եբրայերեն գրել էր, որ եթե Իրանը հարձակում գործի իր տարածքից, Իսրայելն ի պատասխան կհարձակվի Իրանի վրա։

#Դետքի_հետագծով

Իսրայելը ոչ միայն չի դադարեցնում Գազայում ընթացող պատերազմը, այլև արդեն հարձակումներ է գործում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ, ինչն առաջացրել է Թեհրանի խիստ դժգոհությունը։ Այս համատեքստում Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, ինչը բնականաբար անհանգստացնում է Իսրայելին, և վերջինս ձգտում է կանխել դա։

Добавить комментарий