«Ձեր հռչակած իրական կամ պատմական Հայաստան դիլեման խիստ արհեստական է, որովհետև դուք արդեն ընտրել եք հանձնվող Հայաստանը»․ Տիգրան Աբրահամյան
«Իշխանության այն մոտեցումը, որ եթե հայտնի 4 գյուղերը չհանձնենք, պատերազմը կվերսկսվի, արդեն իսկ բավարար է քաղաքական և մասնագիտական գնահատական տալու ոչ միայն կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքին եւ դրա արդյունքներին, այլ առհասարակ կառավարության՝ անվտանգության եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ իրականացրած քաղաքականությանն ու մոտեցումներին»,- ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, փոխանցում է «Aravot.am»-ը։
Նրա խոսքով՝ անվստահությունը երկրի անվտանգային համակարգի նկատմամբ եւ միջազգային զսպման գործիքների բացակայությունը լավագույնս բնորոշում է մեր երկրի իրական վիճակը բոլոր հնարավոր հարթություններում, այս դեպքում՝ առաջին հերթին երկրի անվտանգության տեսանկյունից:
«Այս տեսանկյունից 2023 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկու իրադարձության եմ ցանկանում անդրադառնալ, որոնք հստակ պատասխան ու գնահատական են տալիս այս ամենին։ Առաջին, 2023 թվականին Արավուս-Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած վերատեղակայումները, որի հետեւանքը ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հսկայական հատվածի օկուպացիան է, որն ի դեպ, մինչեւ հիմա գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ երբեմնի շեն հողերը, որոնք Սյունիքի այդ հատվածի գյուղերի համար ապրուստի միջոց էին, վերածվել են ադրբեջանական կրակակետերի։ Ի դեպ՝ այդ օրերին, երբ խոսք էր գնում ադրբեջանական ներխուժման մասին, պաշտոնական կեղծիքի պակաս չկար: Մի մասը սկզբում փորձում էին համոզել հանրությանը, որ ադրբեջանցիներն իրենց հատվածում են բնագծեր տեղակայում, մի մասը պնդում էր, որ բանակցություններ են և Ադրբեջանը, այսպես կոչված, սահմանային ճշտումներից հետո հետ է վերադարձնելու դրանք, մի մասն էլ իրականությունն իմանալով՝ պարզապես տղամարդուն ոչ հարիր վարքագծով էին զբաղված՝ վարկաբեկում, վիրավորում էին բոլոր նրանց, ովքեր անվստահությամբ էին մոտենում իշխանության այն հավաստիացումներին, թե բանակցությունների միջոցով, կարճ ժամանակ անց այդ տարածքները կվերադարձվեն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գրանցվեց ֆիասկո, որովհետեւ առաջին հայացքից պարզ երևացող գործընթացը տապալվեց, ու ադրբեջանական զինված ուժերը տեղակայվեցին ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ անվտանգային առումով ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողվեց, որովհետեւ իրադրությունը ճիշտ չգնահատեց եւ ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց: Որպես հետևանք՝ իրադրության ողջ ծանրությունն ընկավ այդ հատվածում սահմանային անվտանգության համար պատասխանատու բանակային կորպուսի, հատուկ առաջադրանքներ լուծող ստորաբաժանումների, աշխարհազորի, ԱԱԾ սահմանապահ զորքերի վրա, ովքեր ստեղծված բարդ պայմաններում անձնազոհության գնով, ադրբեջանական կրակահերթերի, ականանետերի եւ ԱԹՍ-ների հարվածների ներքո մարտական դիրքեր էին տեղակայում եւ ծառայություն տանում:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий