ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան
«Մենք դեմ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին, դա վնաս է տարածաշրջանին, նաև Հայաստանին ու Ադրբեջանին, երկու կողմին կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին երկխոսությունը,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ապա հավելել,- մենք կարծում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը և դիվանագիտությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և միջազգային իրավունքների հարգումը։ Պատերազմը երբեք խնդիրները չի լուծել, անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով»։
Այս մասին հայտնում է «Tert.am»-ը։
Հարցին՝ որո՞նք են Իրանի կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի համար, արդյո՞ք դրանք փոխվել են, դեսպանն արձագանքել է. «Ոչ, մեր կարմիր գծերը չեն փոխվել, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, որպես կարմիր գիծ, մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը, և հնարավոր չէ անտեսել դա։ Մենք կտրականապես դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»։
Նա նշել է, որ Իրանը կարծում է` եթե սահմանին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով. «Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»։
Դեսպանն անդրադարձել է նաև Իրանի և Հայաստանի միջև կոմունիկացիոն ոլորտում համագործակցությանը․ «Հայաստանը Իրանի համար համարվում է դեպի հյուսիս և Սև ծով որպես շնչուղի, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ, դեպի Պարսից ծոց և Հնդկաստան դուրս գալու համար։ Մենք շատ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, ինչը ներառելու է տարանցիկ և փոխադրումների վճարների նվազեցման մասին դրույթներ»։
Добавить комментарий