ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել
Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ին չի նախազգուշացրել Իսրայելի կամ նրա հնարավոր թիրախների վրա հարձակման մասին: Ըստ «Դետք»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այս մասին նշել են Սպիտակ տնից։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով կապերի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղորդագրություններ է փոխանակել Իրանի հետ: «Այդուհանդերձ Թեհրանը ապրիլի 13-ին Իսրայելի վրա հարձակման ժամկետների և նպատակի մասին Վաշինգտոնին երբեք չի տեղեկացրել»,- վստահեցրել է ամերիկացի պաշտոնյան:
Քիրբին չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հաղորդագրություններ են եղել դրանք: Ավելի վաղ Թուրքիայի, Հորդանանի և Իրաքի պաշտոնյաները հայտարարել էին, որ Իրանը ծանուցել է ԱՄՆ-ին Իսրայելի վրա հարձակումից օրեր առաջ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն էլ անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման թեմային: Մեթյու Միլլերը նշել է, որ Իսրայելը զգալի առաջընթաց է գրանցել այդ հարցում, սակայն ՀԱՄԱՍ-ը խոչընդոտել է գործարքի կայացումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա կատարված ավիահարվածից 13 օր անց՝ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, Իրանը հարվածել է Իսրայելի տարածքին։
Добавить комментарий