Իսրայելը որոշել է պատասխան տալ Իրանի օդային հարձակմանը. Քեմերոն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ վերջինս որոշել է հակահարված տալ Իրանին նախորդ շաբաթվա վերջին այդ երկրի իրականացրած օդային հարձակման համար։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Երուսաղեմ կատարած իր այցի սկզբում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Իսրայելը, «ակնհայտորեն, գործելու որոշում է ընդունում»: «Մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս քիչ սրեն իրավիճակը»,- շեշտել է նա։
Միևնույն ժամանակ նշվում է, որ այժմ ԱՄՆ-ն և արևմտյան կառավարությունները հույս ունեն, որ Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցները կօգնեն համոզել Իսրայելին սահմանափակել Իսլամական Հանրապետության դեմ իր պատասխան գործողությունների շրջանակը:
«Մեծ Բրիտանիան ցանկանում է տեսնել Իրանի դեմ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ընդունած համակարգված պատժամիջոցները, երբ կառույցի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ հանդիպեն Իտալիայում»,- նշել է Քեմերոնը:
Նա եզրափակել է, որ Իրանը պետք է հստակ և միանշանակ ազդանշան ստանա «Մեծ յոթնյակից»։
Добавить комментарий